Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Եվրոպայի երիտասարդների չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների մրցաշարի ու հենց առաջին փորձից հասավ մեծ արդյունքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճայինների մրցաշարում Հայաստանը ունեցավ չեմպիոն:

61կգ քաշայինների եզրափակիչում Արսեն Հարությունյանը, 17:11 հաշվով հաղթելով վրացի Բեկա Լոմտաձեին, նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Եվրոպայի երիտասարդների  չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների մրցաշարի ու հենց առաջին փորձից հասավ մեծ արդյունքի: Հայ ըմբիշը փորձառու Լոմտաձեյի նկատմամբ հասավ գերկամային հաղթանակի:

Գոտմարտի ընթացքում Արսենը պարտվում էր 0:8 հաշվով, բայց կարողացավ բեկել եզրափակիչի ընթացքը ու հաղթանակի հասավ 17:11 հաշվով:

Չորս գոտեմարտ և նույնքան հաղթանակ Եվրոպայի նորընծա չեմպիոնի արդյունքը ու, ընդ որում, բոլոր հաղթանակներն էլ անհամեմատ փորձառու ըմբիշների նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Արսենը ծանր գոտեմարտում կարողացավ հաղթահարել թուրք Ռեջեփ Թոփալի արգելքը՝ հաղթելով 5:2 հաշվով: Կիսաեզրափակիչում տրիբունաները աջակցում էին հայ ըմբիշի մրցակցին՝ Նիկոլաե Օխլոպկովին: Ու գոտեմարտի առաջին մրցափուլից հետո Ռումինիան ներկայացնող Օխլոպկովը հաղթում էր 4:0 հաշվով: Սակայն Արսենը հաղթանակի հասավ 10:4 հաշվով:

Արսեն Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում դարձավ միակ ըմբիշը, որին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանին:

Իննը քաշային կարգերում հանդես եկած հայ ազատ ոճային ութ ըմբիշների մրցաշարի տարբեր փուլերում պարտվեցին: