«Որպեսզի աշխարհն իմանա ոճիրի մասին». լուռ ակցիա ԱՄՆ–ում Ցեղասպանության զոհերի հիշատակին

Լոս Անջելեսում տեղի է ունեցել ակցիա` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ապրիլի 7-ին ամերիկյան «Los Angeles Lakers» եւ «Utah Jazz» թիմերի միջև կայացած բասկետբոլային հանդիպումից հետո Հայկական երիտասարդական ֆեդերացիայի (AYF) ներկայացուցիչները Լոս Անջելեսում  «Staples» սպորտային համալիրի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված լուռ ակցիա են անցկացրել, հաղորդում է Asbarez-ը:

Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան մէջ նոր էջ կը բանայ

Ակցիայի ժամանակ Հայկական երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները լուռ պառկել են` պատկերելով Ցեղասպանության զոհերին և սպորտային կենտրոնի այցելուների ուշադրությունը գրավելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին։

«Մենք այստեղ ենք հանրությանը Թուրքիայի կողմից իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության սարսափների մասին իրազեկելու, ինչպես նաև պատմելու համար, որ արդարությունը հավուր պատշաճի չի հաստատվել, հայ ժողովուրդը փոխհատուցում չի ստացել»,-հայտարարել է  ֆեդերացիայի Հայ դատի հանձնաժողովի համանախագահ Հակոբ Հաջիբեկյանը:

Հայկական երիտասարդական ֆեդերացիան հաջորդիվ պատրաստվում է մասնակցել Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին կազմակերպվելիք Արդարության երթին, որն ավարտվելու է Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի մոտ: