Փողը գնում է այնտեղ, որտեղ պիտի գնար. գյուղնախարարի պաշտոնակատարը` գյուղվարկերի մասին

Գյուղատնտեսության ոլորտի ղեկավարը գյուղատնտեսական վարկերն արդյունավետ է համարում։ Նրա խոսքով` գյուղացին այսօր ժամկետանց պարտավորություններ չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ գյուղացիների համար նախատեսված վարկային ծրագրերը մեծ արդյունավետություն ունեն։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Բազմաթիվ կառույցներ ֆիքսել են, որ նախկինում տրված փոքր վարկերն օգտագործվել են ոչ արդյունավետ և փոշիացվել են։ Այսօր, հակառակը, ֆինանսական մոնիթորինգ իրականացնող բազմաթիվ կառույցներ ֆիքսում են, որ դրանց մեծ մասը գերարդյունավետ է ծախսվում, այսինքն` փողը գնում է այնտեղ, որտեղ պիտի գնար»,– ասաց Գևորգյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` դրանց պահանջարկը Հայաստանի գյուղերում աննախադեպ մեծ է։ Բյուջեով նախատեսված ամբողջ գումարը ծախսվում է, և պաշտոնյան չի բացառում, որ կտեղաբաշխվեն նաև լրացուցիչ գումարներ։

Թե իրականում ինչ արդյունք կտա փողն իր տեղում, պարզ կլինի միայն մի քանի տարի հետո։ Իսկ մինչ այդ նախարարի պաշտոնակատարը նշում է, որ ծրագիրը մեկ տարուց ավելի է, ինչ իրականացվում է, բայց ժամկետանց պարտավորություններ գյուղացիները չունեն։ «Գյուղացին փողը վերցրել, դրել է հողի կամ անասնապահության մեջ և ստացել է արդյունք։ Դրա համար ժամկետանց պարտավորություններ այս պահին չկան»,– ասաց նա։

Պետությունը կսուբսիդավորի գյուղացիների վարկերը. սահմանապահ գյուղերը կազատվեն տոկոսներից

«Հայաստանում հաշվառված է 320 000 ֆերմեր, անգամ ամենամեծ ցանկության դեպքում կառավարությունը չի կարող միանգամից օգնել բոլորին։ Գևորգյանի խոսքով` այս պարագայում գյուղացուն օգնության են գալիս հենց կառավարության երաշխավորած էժան կամ նույնիսկ անտոկոս վարկային ծրագրերը։

Նշենք, որ կառավարության հաստատած գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով վարկը գյուղացուն հասանելի է 5 %-ով, գյուղացիական միավորումների ու կոոպերատիվների դեպքում` 3, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին` 0 % տոկոսադրույքով։

Վարկի չափը` 3-15 մլն ՀՀ դրամ է, մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, վարկի մայր գումարը շուտ մարելու դեպքում գյուղացին ազատվում է տույժ–տուգանքներ ու տոկոսադրույքներ վճարելուց։