ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն հարկային ստուգումներ է իրականացնում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Այդ ի՞նչ է կատարվել «Առինջ Մոլում», հանցագործնե՞ր են, ահաբեկիչնե՞ր են, ի՞նչ են, որ քառասուն հոգով, համազգեստներով մտել ստուգումներ են իրականացնում: Այստեղ իրենց օրվա հացը վաստակող մարդիկ են, որևէ մեկն այստեղ ապօրինություններով չի զբաղվում, այնպիսի տպավորություն է, որ նախկին բարքերը շարունակվում են»,– ասել է պատգամավորը:
Նշենք, որ առավոտյան ժամը 10:30-ից «Առինջ Մոլում» սկսված ստուգումներն այս պահին էլ դեռ ընթացքի մեջ են։ Առևտրի կենտրոնի տնօրինության գրասենյակի մուտքի մոտ մեծ թվով լրագրողներ են հավաքված։ Կենտրոնի տնօրինությունը հեռախոսազանգերին չի պատասխանում և հարցազրույցներ չի տալիս։
Ըստ շրջանառող լուրերի, ՊԵԿ-ի ստուգումները պայմանավորված են ստացված ահազանգով այն մասին, որ «Առինջ մոլում» առևտուր անողներից տաղավարների համար սահմանված վարձավճարներից ավելի գումար են պահանջում, բայց հարկային մարմնին նվազ թիվ են ցույց տալիս։
«Առինջ մոլ» առևտրի կենտրոնը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում։ Այն պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին։ Առևտրի կենտրոնը պաշտոնապես բացվել է 2015թ.–ին։ Պաշտոնական բացմանը ներկա էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։