Նիկոլ Փաշինյանը խոսեց «Սպայկայի» տնօրենի կալանավորման ու աշխատակիցների բոյկոտի մասին

ՀՀ վարչապետը վստահ է, որ «Սպայկայի» աշխատակիցները շատ խելոք էլ կաշխատեն, քանի որ ոչ ոք չի ուզի միլիոն դոլարների կորուստ ունենալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 Ապրիլ — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ «Սպայկա» ընկերության հետ կապված գործը կարող է մի մեծ մախինացիայի շղթա բացվել։ Նա այս մասին ասաց այսօր` ապրիլի 9-ին, Նորագավիթի մաքսատանը շրջայց կատարելու ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը նշելու «Քաղաքացու օրը»

««Սպայկայի» հետ կապված` հնարավոր է` բացվի մի մեծ մախինացիայի շղթա, որը չէր կարող գոյություն ունենալ առանց վերևների հովանավորչության»,– ասաց վարչապետը։

ՊԵԿ–ն ապրիլի 4-ին հայտարարեց, որ «Սպայկայի» հետ փոխկապակցված ընկերությունները 7 մլրդ դրամ չեն վճարել բյուջե։ ՊԵԿ–ի պնդմամբ` այդ ընկերությունները երրորդ երկրներից միրգ ու բանջարեղեն են ներկրել Հայաստան, սակայն ձևակերպել են դրանք որպես ԱԱՀ–ից և տուրքերից ազատված ապրանքներ։ Այս կապակցությամբ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ապրիլի 8-ին կալանավորեցին, ինչից հետո ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա սկսեցին` պահանջելով ազատ արձակել նրան։

«Իմ` վարչապետ ընտրվելուց հետո, մեր իրավապահ ու հարկային մարմիններն անընդհատ ինձ զանգահարել են ու ասել, որ «Սպայկայի» հետ կապված կան լրջագույն պրոբլեմներ, այդ թվում` հարկային։ Ես բոլորին ասել եմ, որ ինչպես օրենքով նախատեսված կարգն է, հետաքննեք, բայց այնպես արեք, որ աշխատանքային պրոցեսը չխաթարվի։ Իմ հրահանգն ընկել է որոշ մարդկանց ականջով, և նրանք սրանից առիթավորվել են ու սկսել են քննիչների հետ խոսել ձեռ առնելով, արհամարհանքով»,–ասաց Փաշինյանը։

«Էս ի՞նչ պատմություն ա». Փաշինյանը զանգեց Օսիպյանին

Հարցին, թե «Սպայկայի» աշխատակիցներն ակնկալո՞ւմ են Փաշինյանի միջնորդությունը, և արդյո՞ք պատրաստվում է նա ինչ–որ բան անել` Փաշինյանն արձագանքեց` ասելով, որ 10 ամիս իր «լռելյայն միջնորդությունն» այն մասին է եղել, որ քննությունն այնպես տանեն, որպեսզի ընկերության աշխատանքը չխաթարվի։

«Եթե «Սպայկայի» աշխատակիցներն ուզում են բոյկոտ անել, ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, մրցակցային պայմաններ կլինեն, ու կկարգավորվի դաշտը։ Շատ խելոք էլ կաշխատեն, քանի որ ոչ ոք չի ուզի միլիոն դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` «Սպայկայի» 7 մլրդ պարտքը ուսուցիչների 1 տարվա աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնելու գումարին է համարժեք։

«Հիմա նրանք ինձնից ի՞նչ են ուզում։ Հանգիստ նստեք տեղներդ»,–վերջում ասաց Փաշինյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Նորագավիթի մաքսակետ։ Նրան ուղեկցում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: