Մյասնիկյան պողոտայում խոշոր վթար է տեղի ունեցել. լուսանկարներ

Երևանում չորս ավտոմեքենա բախվել են իրար, մեկը շրջվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայում` դեպի Հերացի փողոց իջնող հատվածում, այսօր առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել։

Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ միմյանց են բախվել «Նիսսան», «Լադա 099», «Օփել» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաները։ «Օփելը» գլխիվայր շրջվել է։

Բարեբախտաբար, զոհեր չկան։ «Օփելի» վարորդը տեղափոխվել է հիվանդանոց` բուժզննման։ Մեր տեղեկություններով` նա թեթև վնասվածքներ ունի։ Մյուս մեքենաների վարորդերն ու ուղևորները չեն տուժել։

Տեսանյութ` դեպքի վայրից

Ըստ ականատեսների` վթարի պատճառ է դարձել «Լադայի» վարորդի անզգույշ մանևրը։

Պողոտայի երթևեկությունը տևական ժամանակ կաթվածահար էր եղել։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները։ Երթևեկությունն արդեն կարգավորվել է, ճանապարհը բաց է։