Կարկուտի ծեծած տեղը փոխհատուցում կգա. կառավարությունն ապահովագրական բում է կանխատեսում

Գյուղացին կարկուտից այլևս չի վախենա։ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական ապահովագրություն է ներդնում։ Ծրագրի մանրամասների մասին Sputnik Արմենիայի եթերում պատմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար փոխնախարար Գեղամ Գևորգյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Կառավարությունն այս տարվանից սկսած փոխհատուցելու է ոչ թե գյուղացու` կարկուտից կրած վնասները, այլ մինչ կարկուտը նրա կատարած ծախսերը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը` ներկայացնելով գյուղացիական ապահովագրության վերաբերյալ կառավարության մշակած ծրագիրը։

«Մենք ապահովագրելու ենք ծախսերը։ Այսինքն` եթե դուք 1 հա–ի վրա կատարում եք 1 մլն 200 հազար դրամի ծախս, մենք սա ենք ապահովագրում և ոչ թե բերքը։ Ամբողջ աշխարհում պրակտիկան սա է»,– ասաց Գևորգյանը։

Ապահովագրության նոր մեխանիզմի ներդրման համար կառավարությունն արդեն ստեղծել է նոր մարմին` ապահովագրական բյուրո, որն էլ ղեկավարելու է գործընթացը։ Մասնավոր ապահովագրական ընկերություններն էլ կառավարության մշակած հայեցակարգին համապատասխան ապահովագրական պայմանագրեր են կազմում` գյուղացիներին առաջարկելու համար։

Փողը գնում է այնտեղ, որտեղ պիտի գնար. գյուղնախարարի պաշտոնակատարը` գյուղվարկերի մասին

Ի դեպ, կարկուտի, ցրտահարության կամ այլ բնական աղետի դեպքում ապահովագրություն ունեցող գյուղացու վնասների առնվազն 50 տոկոսը, պետական ծրագրի համաձայն, այս տարի փոխհատուցելու է պետությունը։

Նախարարի պաշտոնակատարը հույս ունի, որ Հայաստանում այս տարի գյուղապահովագրության բում է լինելու։

Իսկ ոլորտի մասնագետներն արդեն սկսում են քննարկել նաև անասնապահության, առաջին փուլի համար` խոշոր եղջերավոր անասունների, ապահովագրության հարցը։