Կալանք՝ ծիծաղելի տուգանքի փոխարեն. կենդանիների հանդեպ բռնությունը ՀՀ-ում քրեականացնում են

Խորհրդարանականները և կենդանիների պաշտպաններն առաջարկում են քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և մի քանի անգամ բարձրացնել տուգանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Հայաստանում սկսվել է կենդանիների հանդեպ բռնությունը քրեականացնելու գործընթացը։ Առիթ է դարձել սոցիալական ցանցերում վերջերս տարածված արնաթաթախ շան լուսանկարը։ Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախաձեռնել և շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում շտկումները և առաջարկում է ձերբակալել բոլորին, ովքեր դաժանաբար են վարվում շների հետ կամ ուղղակի չեն կատարում տիրոջ պարտականությունները։

Երևանյան շքամուտքում հայտնված գայլը. ժամանա՞կը չէ պատիժ սահմանել մարդու համար

Պատգամավորն առաջարկում է 258 հոդվածին կետ ավելացնել, որը քրեական պատիժ կամ տուգանք է նախատեսում դաժան վերաբերմունք ցուցաբերած անձի նկատմամբ, որի արդյունքում կենդանին սատկել է կամ խեղվել։ Առաջարկվում է տուգանք կիրառել աշխատավարձի հարյուրապատիկի կամ երեքհարյուրապատիկի չափով կամ ազատությունից զրկել երեք ամսից մինչև 2 տարի ժամկետով։ Եթե բռնությունը հրապարակվել է սոցիալական ցանցերում, ապա անձը կարող է երկու տարով զրկվել ազատությունից։

Սոցիալական ցանցերում տվյալ շտկումներն առաջացրել են կենդանասերների բուռն արձագանքը, սակայն կան մարդիկ, որոնք մտավախություններ ունեն այդ առիթով։ Վերջինները չեն բացառում, որ օրենքը կօգտագործվի բյուջեի մուտքերն ավելացնելու և հազվագյուտ կենդանիներին խլելու համար։

«Pro Paws» բարեգործական միության նախագահ Նարե Արամյանը նշեց, որ կենդանիների պաշտպաններն ամբողջ աշխարհում հենց լրացուցիչ բյուջետային միջոցներով փորձում են գայթակղել պաշտոնյաներին` նման օրենքներ ընդունելու համար։ Սակայն, նրա կարծիքով, օրենքը կօգնի ոչ միայն բացառել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումները, այլ նաև կբարձրացնի հասարակական գիտակցությունն ու զգոնությունը։

Պետք չէ նրանց ուտել. մեկ օր Երևանի կենդանաբանական այգու կյանքից

«Անշուշտ, անհրաժեշտ են փոփոխություններ քրեական և վարչական օրենսգրքերում, քանի որ հիմա կենդանիների նկատմամբ բռնությունը և դաժան վերաբերմունքը պատժվում են ծիծաղելի տուգանքներով։ Պատիժը պետք է խիստ լինի, բայց համարժեք կատարված արարքին», – ասաց նա։

Արամյանը նշեց, որ առայժմ ներկայացված է նախագիծ, որը լրացումների, քննարկումների և փոփոխությունների կարիք ունի, սակայն «Կենդանիների պաշտպանության մասին» առանձին օրենքի անհրաժեշտություն կա, որը վերջնականապես կարգի կբերի այդ ոլորտը։

Նշենք, որ տվյալ պահին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է վարչական օրենսգրքով և նվազագույն աշխատավարձի երեսունապատիկից մինչև հիսունապատիկի չափով, իսկ բարձրաստիճան անձանց դեպքում` նվազագույն աշխատավարձի ութսունից մինչև հարյուրապատիկի չափով։