ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. 2015–ին Հայաստանի պահպանողական, ընտանեկան ավանդույթների պահպանման կողմնակից իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել ու նրան տվել են Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր։ Այս մասին Նորագավիթի մաքսատանը շրջայց կատարելու ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով ԱԺ–ում տրանսգենդերի ելույթի մասին։
Ապրիլի 5-ին խորհրդարանում հանրային լսումներ էին անցկացվում. օրակարգում նշված էր դատաիրավական համակարգի բարեփոխման, ինչպես նաև երեխաների և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերի քննարկում։ ՀԿ–ների ներկայացուցիչներ էին հրավիրվել, այդ թվում «Իրավունքի կողմը» ՀԿ–ն, որի նախագահն է Լիլիթ Մարտիրոսյանը։ Հենց նա էլ հանդես եկավ ելույթով՝ սկանդալային հայտարարություն անելով այն մասին, որ ինքը տրանսգենդեր է։
«Լիլիթ Մարտիրոսյանին անձնագիր են տվել, որտեղ գրված է` Լիլիթ Մարտիրոսյան, սեռը` արական։ ՀՀԿ–ականների մոտ ընդունված բա՞ն է, որ Լիլիթն արական սեռ է։ Այն պահին, երբ ՀՀԿ–ն այդ մարդուն ՀՀ քաղաքացու անձնագիր է տվել, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ ու օժտել ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով։ Ես որ ՀՀԿ–ին ասում էի` դուք գեյ ակտիվիստ էիք, իրենք չէին հավատում։ Իրենք այդ կարգավիճակից չեն կարող դուրս գալ, և սա ևս մեկ ապացույց է»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ինքը պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություններ է պահանջել և իրեն տվել են փաստաթուղթ, որ ապրիլի 5–ին խորհրդարան մուտք գործող քաղաքացիների ցուցակը տվել է Նաիրա Զոհրաբյանը։ Վարչապետի գնահատականով` իրականում այս ամենը լավ կազմակերպված պրովոկացիա է` հեղափոխության և կառավարության դեմ։
Փաշինյանի խոսքով` դեպքի հետ կապված կա նաև հաջորդ երեսը։ «ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ` թող բոլորն այս հարցին պատասխանեն` հոգևորականները, պահպանողականները, ՀՀԿ–ականները։ Այն պահվածքը, որ այս ամեն ինչի վերաբերյալ իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, կասկածի տակ է դնում ՀՀ–ում մարդու իրավունքների վիճակը»,–ասաց Փաշինյանը։
Նշենք, որ ԱԺ–ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը Նաիրա Զոհրաբյանն է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Նորագավիթի մաքսակետ։ Նրան ուղեկցում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: