ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը ՀՕՊ ոլորտում երկու հիմնական խնդիր է նշում

ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգը Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում լուծում է Հայաստանի անվտանգության պահպանության կարևորագույն խնդիրներից մեկը, կարծում է Դավթյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ռազմատեխնիկական կարիքների ապահովումը և օդային սահմանների պահպանությունը` ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգերի շրջանակում Հայաստանի հիմնական նպատակներն են, ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել. պաշտպանության նախարարը` աղմկահարույց գործարքի մասին

Երևանում ապրիլի 9-11-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի 50-րդ նիստը։

Դավթյանի խոսքով` Հայաստանը 5 տարի անց կրկին դարձավ հարթակ ՀՕՊ միավորված ուժերի հետագա զարգացման հարցերի քննարկման համար։ Ըստ նրա` մասնակիցների բարձր ներկայացուցչությունը վկայում է պետությունների օդային տարածքներն ուժեղացնելու համընդհանուր հետաքրքրության մասին։

«Որպես Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ կարող եմ ասել, որ այսօր մենք ուսումնասիրում ենք փոխգործակցությունը հակաօդային պաշտպանության ոլորտում` որպես ԱՊՀ ձևաչափում ռազմական ոլորտի համագործակցության կարևորագույն և առաջնահերթ ուղղություններից մեկը», – ասաց Դավթյանը։

Նրա կարծիքով` կարելի է վստահ ասել, որ ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգը օրեցօր ամրանում է։

Հայաստանը, ինչպես և նրա գործընկերը, օբյեկտիվորեն շահագրգռված է դրանում։

ՊՆ–ն քայլեր է անում նախկին զինծառայողի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար

«Հատկանշական է, որ Հավաքական անվտանգության Կովկասի տարածաշրջանում ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգը` օդային տարածքում Հայաստանի պետական սահմանի պաշտպանության ապահովմանն ուղղված հայ–ռուսական համատեղ հերթապահության միջոցով լուծում է հանրապետության անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրը», – ասաց Դավթյանը։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորամասերն ու ՀՕՊ միջոցները երկրի տարածքում համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում Հայաստանի ՀՕՊ և ԶՈւ զորամասերի հետ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգերի շրջանակում։

Համատեղ զորավարժություններում ակտիվ մասնակցությունը ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ԱՊՀ այլ մասնակից պետություններում արտացոլում է ՀՕՊ հետագա զարգացման Երևանի շահերը։

«Չեմ թաքցնի, որ զարգացնելով համագործակցությունը ՀՕՊ միավորված համակարգի շրջանակում Հայաստանի շահերի տեսանկյունից՝ մենք ջանում ենք լուծել երկու հիմնական խնդիր։ Առաջինը` ՀՕՊ ոլորտում Հայաստանի ԶՈւ ռազմական և ռազմատեխնիկական կարիքների ապահովում։ Երկրորդը` մեր օդային տարածքների պահպանություն», – նշեց Դավթյանը։

Մեր հատուկ ջոկատայինները կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում. Տոնոյան

Նրա խոսքով` պետություններից ոչ մեկը չի կարող իրեն լիարժեք ինքնիշխան համարել առանց իր օդային սահմանների լիարժեք վերահսկման։ Դա հնարավոր է միայն ժամանակակից ՀՕՊ միացյալ համալիր համակարգերի առկայության պարագայում։

Դավթյանը նշեց, որ դեռ չլուծված հարցեր կան, դեռ աշխատելու տեղ կա, ինչի համար էլ հենց անցկացվում են նման նիստերը։

Կոմիտեի նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, ԱՊՀ երկրների ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների ռազմական գերատեսչությունների պատվիրակությունները, ՀՕՊ խնդիրների ուսումնասիրման և զինվորական կադրերի նախապատրաստման ոլորտում ԱՊՀ անդամների հիմնական կազմակերպությունների ղեկավարները։