Գետը ջաղացը քշել է, չախչախի հետևից ենք ընկել. գուցե պատճառների՞ վրա կենտրոնանանք

Ավանդապահ համարվող հասարակության մեջ զանազան ծայրահեղ թվացող դրսևորումներն անխուսափելիորեն բուռն և հուզական արձագանքների են արժանանում: Այդպես եղավ նաև ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր ներկայացած անձի ելույթից հետո: Մի հոգևորական անգամ առաջարկում էր ամբիոնը որոշակի ծիսակարգով մաքրելու արարողություն կատարել...
Sputnik

Բայց ո՞րն է հիմնական հարցը:

Վերջին օրերին զանազան «կողմնակի թեմաների» տեղատարափ է: Վերցնենք թեկուզ ԱԺ լսումների ժամանակ, այսպես ասեմ՝ ոչ ավանդական սեռային կողմնորոշում ունեցող անձնավորության ելույթը: Ըստ որում, նրա «հայտնությունը» այդ լսումների բուն օրակարգի ու քննարկվող խնդիրների հետ ուղղակիորեն կապ չուներ: Բավականին արծարծվեց հարցը, անգամ վարչապետն այսօր փորձեց մեղքը բարդել նախորդ իշխանությունների վրա, որ ժամանակին տվյալ անձնավորությանը անձնագիր են տվել, ՀՀԿ-ին էլ բաժին հասավ: Դե, հիմա դա այդպիսի մարտավարություն է, ով ինչ դիտողություն անի կամ քննադատական բան ասի, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ական է, իսկ ինչ արատ ու բացթողում կա, էլի ՀՀԿ-ն է մեղավոր: Կյանքը ցույց կտա, թե այդ քարոզչական տակտիկական հնարքը կամ «գործիքը» դեռ ինչքան կաշխատի, բայց այն կարծես արդեն ահագին մաշվել է: Համարյա մեկ տարվա մաշվածք ունի: Այսուհանդերձ, չշեղվենք:

Ինչպես Վաղինակը դարձավ Լիլիթ. Փաշինյանը` ԱԺ–ում հայտնված տրանսգենդերի մասին

Իսկ որպեսզի ոչ միայն չշեղվենք, այլև բուն ասելիքի վրա սևեռվենք, նախ հիշեցնենք մեծական խոսքը, ասացվածքը. «Գետը ջաղացը քշել է, չախչախի հետևից ենք ընկել»: Ակնարկն ակնհայտ է. պետք է հիմնականի վրա կենտրոնանալ, այլ ոչ թե չորրորդական, հինգերորդական բնույթի մանր հարցերի: Ավելին, մյուս ակնարկը, ըստ իս, այն է, որ պետք է պատճառների վրա կենտրոնանալ, շարունակ հետևանքների ու հետևանքիկների հետևից վազվզելու փոխարեն:

Իսկ հիմնականը տվյալ դեպքում հասարակության բարոյական նկարագիրն է, արժեքային կողմնորոշիչներն են, այն, ինչը հաճախ անվանում են արժեհամակարգ: Մեզ դուրեկան չէ, մենք տհաճություն պատկերելով կնճռոտվում ենք, եթե մեկը ասում է, որ մեր բարոյական նկարագիրը խեղվել է: Բնականաբար ու բարեբախտաբար, ոչ ամենուր ու համատարած, բայց ասվածի մեջ ճշմարտություն կա, իսկ ճշմարտությունը միշտ էլ դառնահամ է:

Մենք համարում ենք, որ մենք ավանդապահ ժողովուրդ ենք, խելամտորեն պահպանողական հասարակություն: Բայց ինչպե՞ս ենք պահում մեր ավանդույթները, միայն ծիսակատարություններո՞վ, թե՞ այդ ամենի խորհրդի մեջ խորամուխ լինելով և իմաստն ընկալելով:

Մենք ասում ենք, որ քրիստոնյաներ ենք, մեծամասնությամբ և, հատկապես օտարների հետ հաղորդակցվելիս, չենք մոռանում հիշել, որ պետականորեն քրիստոնեությունն ընդունած առաջին ազգն ու երկիրն ենք: Բայց պահո՞ւմ ենք պատվիրանները, ձգտո՞ւմ ենք պահել:

Ասված է՝ մի շնանար, մի ստի՛ր: Ու էլի շատ ու ճիշտ բաներ են ասված: Ու այնպես չէ, թե նախքան քրիստոնեական վարդապետությունը մեր արիական վարդապետության մեջ դրա հակառակն էր ասվում կամ քարոզվում:

Սրբերի փողոցները, ցույցերը և տրանսգենդերները․ երբ ակնհայտի մասին խոսելու ժամանակն է

Այսինքն՝ արդարամտությունը, ճշտախոսությունը, պետք է որ գենետիկորեն մեր մեջ նստած լինի: Այսինքն՝ բարոյական հաստատուն արժեքներն ու կողմնորոշիչները մեր մեջ էն գլխից կան ու դրված պիտի լինեն:

Հիմարություն է կարծել, թե նախնիները միամիտ ու անմիտ են եղել: Հա, համատարած բուհական դիպլոմներ չեն ունեցել, ինտերնետ ու համակարգիչ էլ, բայց ողջամիտ են եղել ու ողջախոհ, հատկապես մարդկային փոխհարաբերություններում: Լուսավորությունն ու առաջադիմությունը կարևոր ու անխուսափելի են, գիտական ու տեխնիկական առաջընթացն էլ, բայց այդ ամենը իմաստազրկվում ու ինքնանպատակ է դառնում, երբ մարդը կորցնում է իր կողմնորոշումը կյանքում, տարածության ու հասարակության մեջ, երբ մարդը ոչնչի չի հավատում, երբ մարդիկ ու հասարակությունը հեռահար ու լուսավոր նպատակներ չեն դնում:

Եթե ձեր դրած միակ նպատակը կուշտ ու հարմարավետ ապրելն է, եթե կենցաղային հարթության վրա տիրապետող գաղափարախոսությունը «չաղ ու բախտավոր» լինելն է, ապա դուք սպառողների բազմություն եք պարզապես, այլ ոչ թե հասարակություն: Այդպես կարելի է ստանալ համեմատաբար սնված մարդկանց բազմություն, ոչ ավելին: Բազմություն, որ կսկսի ցրվել ու մաղվել՝ առաջին իսկ լուրջ փորձության ժամանակ` ձգտելով բնության ու ստամոքսի կանչին հնազանդ, գնալ այնտեղ, ուր կարելի է շարունակել լինել «չաղ ու բախտավոր»:

Սասուն Միքայելյանին ծափահարողներից շատերը 2-3 տարի առաջ ծափահարում էին Մանվել Գրիգորյանին

Լավ, ի՞նչ նպատակներ են մեզ միավորում: Ի՞նչ երազանքներ: Ասում են՝ բարեկեցություն: Բայց բարեկեցությունը երկնային մանանա չէ, որ հենց այնպես թափվի որևէ հասարակության գլխին: Համեմատաբար բարեկեցիկ կյանքով ապրող հասարակությունները բավականին երկար ու անդադար աշխատել ու պայքարել են՝ դրան հասնելու համար:

Վա՜յ, բա իմացա՞ք, ԱԺ ամբիոնից ոչ այն է կին է խոսել, ոչ այն է՝ տղամարդ: Այսինքն, որ նման կողմնորոշման անձինք գնալով շատանում են, դա հե՞չ: Այսինքն, որ ընտանեկան դաստիարակության, կրթության ու հասարակական բարոյազրկման հետևանքով հնարավոր են դառնում նմանօրինակ՝ ավանդականից ու բնականից շեղումները, դա... ոչի՜նչ:

Էհ, մի օր էլ կարող էին ԱԺ ամբիոնի մոտ հայտնվել: Ըստ որում, ոչ միայն հյուրի կարգավիճակով, այլ հենց պատգամավորի: Ի վերջո, այդ ամբիոնի մոտից նմա՞ն անձինք են ելույթ ունեցել: Այդ ամբիոնին ոչ մի անգամ քաղաքական անբարոյականներ չեն մոտեցե՞լ, այդ ամբիոնին չեն մոտեցե՞լ քաղաքական գործիչներ, որ մի 5-6 կուսակցություն են փոխել, ստախոսներ չեն մոտեցե՞լ ու մոտենում: Շնացողներ չեն մոտեցե՞լ այդ ամբիոնին: Դե, նրանցից, որ կին ու ընտանիք ունեն, բայց համ էլ մի երկու սիրուհի են պահում, ավտո ու տուն նվիրում, հասկանալի է, թե ում հաշվին:

Եվ ո՞ր հասարակությունն է ավանդույթ պահելու: Արդյոք ա՞յն հասարակությունը, որի շարքերում կան ներկայացուցիչներ, որոնք մի 3 տարի առաջ իշխանությունից փող էին վերցնում, ձայն կաշառում կամ փողով ձայն ծախում, իսկ հետո ամենից բարձր էին փորձում «դըմփ-դըմփ հո՜ւ» ու «Նի-կո՜լ, վարչապետ» բղավել: Թե՞ այն գործիչներն են ազնիվ ու բարոյական, որ ասում էին՝ գնացեք, փողը վերցրեք (ծախվեք հոգով), բայց ձեր ուզածով վարվեք: Դա՞ է բարոյականությունը: Այսինքն՝ կարևորը ֆասա՞դն է, որ երեսանց ամեն ինչ նորմալ երևա, բայց թե մեջից որքան է էությունն ու նկարագիրը նեխած, դա... հե՜չ: Երկար կարելի արտահայտվել, ավելի հաջող ու ցայտուն օրինակներ բերել: Բայց հիմնականը այն է, որ մենք գոնե փորձենք մեզ գտնել: Հիմնականը, ինչպես ինձ է թվում՝ իմ կարճ խելքով, այն է, որ մենք մեզ ու մերը վերագտնենք:

Իշխանության ներսում ով ինչից է ամաչում, և ով է ում խաբում

Էն ռուս բանաստեղծ-հոգևորականը շատ լավ էր ասում՝

Առանց Աստծո ազգն ամբոխ է,

Արատներով միավորված...

Պետք է դուրս գալ այդ արատավորի շրջանակից: Սա է ասվածը: Այն, որ չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ, թե սևը սպիտակ է, ծուռը՝ շիտակ, իսկ թացն էլ՝ չոր: Ու առհասարակ, ինքնախաբեությունը խաբեբայության ամենավատ տարբերակն է, թերևս:

Հիմա, որ նայում ես, վարչապետն էլի մեղքերն ուրիշների վրա է բարդում, բայց իր կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամն էր, որ դրեց ու բոլոր մայրերին, կարծեմ նույն ԱԺ շենքում տեղի ունեցող միջոցառման ժամանակ, հավասարեցրեց: Բոլորին: Բայց նման բուռն արձագանք չհարուցեց: Էն մեկը ելել, ասում է՝ «հերոսների կաշին ծամեք», երրորդը մեկ ուրիշ անհեթեթություն է բլթացնում: Ու տպավորություն է, թե ուզում են իբր ցնցել մնացած բոլորին, որ ինքնապահպանման հյուլեներն իրար գան ու սկսեն գործել:

Ինչ-որ սուտ «առաքյալներ» կան, որ քարոզում են, թե ավանդապահությունը հետամնացություն է: Անհեթեթություն է, բնականաբար: Մեր ազգային հասարակական ծառի վրա նստած ենք այդ ավանդականի ճյուղին, ու տպավորություն է, որ ոմանք բնի մոտից փորձում են ճյուղը սղոցել, իսկ ոմանք էլ թռվռում-ցատկոտում են, որ ճյուղը կոտրվի, առանց հասկանալու կամ գուցե շատ էլ լավ հասկանալով, որ իրենք մյուսների հետ տփկվելու են, չէ՝ հողին չէ, այլ ոչինչ-ոչնչի ցեխաթթվի մեջ:

Խակ ու անփորձները կարող են կտցել այդ խայծը, բայց հասուն ու փորձառուներն էլ հենց նրա համար են, որ ճիշտ ուղղություն ցույց տան, որ հորդորեն, մեծաբար բացատրեն: Իսկ լավագույն բացատրությունը միշտ էլ եղել է ու կա անձնական օրինակը:

Տոկոսի տակ մնացածներն ու վարչապետի և ԱԺ նախագահի ապառիկները. «լալու բան է, կխնդանք»

Ծխախոտը բերանին դրած, պատանուն չի կարելի բացատրել, որ ծխելը վատ բան է: Անառակությանը տրված, չի կարելի «ընտանիք, պատիվ, բարոյականից» խոսել (Օտյան ջա՜ն, է՜հ...):

Ազգային, ժողովրդական, պետական մասշտաբով կոնկրետ ու չափելի նպատակակետեր, թիրախներ չսահմանած, հնարավոր չէ որևէ տեղ հասնել: Երջանիկ, ուրախ և այլն նշումները վերացական են, դրանք նպատակակետեր չեն, այլ սեղանամերձ կենաց:

Նպատակակետերը ՀՆԱ-ի աճն է, աշխատատեղերն են, կրթվածությունն է, ոչ թե դիպլոմավորվածությունը, նպատակակետերը կոնկրետ պիտի լինեն, չափելի, ոչ թե հռըկոպալի ու վերացական: Երբ որևէ տեղ եք գնում, պիտի կոնկրետ երթուղի ունենաք: Երբ ոչ մի տեղ չեք գնում, ոչ մի տեղ էլ չեք հասնում, այսինքն՝ կամ տեղում դոփում եք, կամ աննպատակ ու անիմաստ թափառում: Մենք դեռ որ դրանով ենք զբաղված կարծես, ու գնալով ավելի ու ավելի ենք զբաղվում, շեղվելով ինչ-որ անարժան անձանց նետած «ցեցերի», «չախչախային» խնդիրների վրա: Ու իբր դա քիչ է, մի հատ էլ հա իրար իրարից բաժանում, իրար սորտավորում ենք:

Գուցե գոնե փորձե՞նք սթափվել: Սկզբի համար: