Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից, կազատեմ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Նորագավիթի ավտոմաքսակետում տեղի ունեցած դեպքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, որը Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»,– ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նորագավիթի ավտոմաքսատանը շրջայցի ընթացքում տեսել էր Հայաստանի դրոշները` գետնին ընկած ու կեղտոտ վիճակում և բարկացած կարգադրել էր բոլորին ազատել աշխատանքից։

Վարչապետը լսել էր նաև քաղաքացիների բողոքները, որ իրենց պետհամարանիշներ չեն տրամադրում, և տեղում զանգել էր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

Փաշինյանը խոսել էր նաև «Սպայկա» ընկերության տնօրենին կալանավորելու և ընկերության աշխատակիցների բոյկոտի մասին։

Վարչապետը պատմել էր նաև, թե ինչպես է նշելու «Քաղաքացու օրը»։