Էրդողանի կուսակցությունը կպահանջի նորից ընտրություն անցկացնել Ստամբուլում

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համաձայն չէ Ստամբուլում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։ Կուսակցությունը համարում է, որ քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ԿԸՀ–ից կպահանջի Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություն անցկացնել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտնել է կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը։

Թուրքիայի հայերի անդրկուլիսային պայքարը․ Էրդողանը պատրիարքի ընտրությունների ժամանակ չունի՞

Կուսակցության որոշումը նա բացատրել է մարտի 31-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում թույլ տված բազմաթիվ խախտումներով։

Ավելի վաղ իշխող կուսակցությունը բողոք էր ներկայացրել ԿԸՀ–ին` Ստամբուլում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ։ Ըստ այդ արդյունքների` հաղթել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

«Խոսքը ոչ միայն խախտումների և սխալների մասին է, այլև կազմակերպված միջամտության։ Մենք գնալու ենք մինչև վերջ և օգտագործելու ենք բոլոր օրինական մեթոդները։ Դրանից հետո բազմաթիվ հետաքննություններ կլինեն։ Նրանք, ովքեր կապ կունենան խախտումների հետ, պատասխան կտան օրենքի առաջ», – լրագրողներին ասել է Յավուզը։

Հիշեցնենք` Իմամօղլուն հայտարարել է, որ ինքն է հաղթել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, և կոչ է արել ԿԸՀ–ին հնարավորինս արագ հրապարակել քվեարկության արդյունքները։

Ընտրությունների նախնական արդյունքներով` նա ստացել է քվեների 48,79%–ը` առաջ անցնելով «Արդարություն և զարգացում» կուսակցության մրցակցից` նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդիրիմից, որը 48,52% քվե է ստացել։ Յըլդիրիմը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի համախոհներից է։