Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել. պաշտպանության նախարարը` աղմկահարույց գործարքի մասին

Չեխիան խիստ պահպանում է միջազգային էմբարգոյի բոլոր պահանջները և թույլ չի տալիս զենք արտահանել Ադրբեջան, վստահեցրեց Չեխիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Լյուբոմիր Մետնարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. «Չեխիան Ադրբեջանին սպառազինություն չի մատակարարել»,– Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը` պատասխանելով Sputnik  Արմենիայի հարցին։

«Այդ թեման ակտիվ քննարկվել է նաև չեխական մամուլում։ Նախևառաջ պետք է ասել, որ Չեխիան կատարում է օրենսդրության պահանջները կապված սպառազինության մատակարարման համար արտոնագիր տրամադրելու հետ։ Չեխիան հաուբիցներ չի վաճառել։ Մատակարարումներն իրականացվել են երրորդ երկրների միջոցով», – նշեց նախարարը։

Հայաստանն ու Չեխիան կզարգացնեն համագործակցությունը ռազմական ոլորտում. Տոնոյան

Նա վստահեցրեց, որ Չեխիան խստորեն պահպանում է միջազգային էմբարգոյի բոլոր պահանջները և թույլ չի տալիս զենք արտահանել Ադրբեջան։

Մետնարը նաև ավելացրեց, որ դեպքեր են եղել, երբ արտադրողները դիմել են համապատասխան ատյաններ ռազմական արտադրանքի արտահանման համար արտոնագիր ստանալու, սակայն Չեխիայի ՊՆ–ի և ՆԳՆ–ի առաջարկով բոլոր այդ հայտերը մերժվել են։

Անցած տարվա հուլիսին տեղեկություն էր հայտնվել, որ չեխական արտադրության հրետանային «Դանա» սարքավորումներն ու RM-7 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն Ադրբեջանում են հայտնվել Սլովակիայի և Իսրայելի միջոցով։

«Դանան» 152 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից–թնդանոթ է։ Համակարգը օգտագործում է 8х8 ընթացամասով անվավոր շասսի: «Դանայի» անձնակազմը բաղկացած է 5 մարդուց։ «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգի առավելագույն հեռահարությունը շուրջ 19 կմ է: Արդիականացված տարբերակի հեռահարությունը կարող է հասնել մինչև 25.5 կմ-ի: Համակարգը կշռում է շուրջ 29 տոննա, շարժման առավելագույն արագությունը՝ 80 կմ/ժ: