ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլ — Sputnik. Նոր Հաճնի պոլիկլինիկա բուժօգնության է տեղափոխվել հենց Նոր Հաճնում ապրող 68-ամյա մի տղամարդ, որը քաղաքում դերձակությամբ է զբաղվում:
Նրա գլխին ու դեմքին բազմաթիվ վնասվածքներ են եղել: Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել իր արհեստանոցում ապրիլի 8-ին հաճախորդի հետ տեղի ունեցած միջադեպից հետո:
Վերջինիս և դերձակի միջև հանկարածակի վեճ է սկսվել, նախնական վարկածով՝ հագուստի հետ կապված հարցի շուրջ:
Վեճի ընթացքում երիտասարդը բանալիների խրձով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին ու գլխին, հետո՝ հեռացել: Մեր տեղեկություններով՝ երիտասարդը Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ է և վերջերս է վերադարձել արտերկրից:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: