Արամի 9 հասցեում գտնվող շենքը քանդելու համար պատասխան կտան պաշտոնյաները

Արամի փողոցի 9 հասցեում գտնվող շենքն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Երևանի Արամի 9 հասցեի՝ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող շենքի քանդման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Արամի 9 հասցեում է գտնվում Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը։

«Դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շենքը քանդվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից տրամադրված քանդման թույլտվությունների և ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից՝ հուշարձանների պահպանության և օգտագործման վերահսկողական իրենց գործառույթը չկատարելու արդյունքում»,–տեղեկացնում են դատախազությունից։

Ի դեպ, Արամի փողոցի 9 հասցեի շենքը Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում է ընդգրկված։

Արամ Մանուկյանը արձան կունենա, տուն` ոչ. «Հին Երևանի» վերջին վկան կանգնած է մեռնում

Դեպքի հետ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Արամի 9 հասցեում գտնվող տունը դեռ 90-ականներին ճանաչվել է վթարային և ներառվել ամրացման ենթակա պատմական շինությունների ցանկում: Սակայն երկրաշարժն ու տնտեսական ճգնաժամը թույլ չտվեցին իրականացնել այդ ծրագիրը: Ավելի ուշ, շենքը փրկելու համար այն որոշվեց ներառել «Հին Երևան» նախածում: Բայց մինչ այդ Արամ Մանուկյանի երկհարկանի տնից մնաց միայն ֆասադը։

Նշենք, որ շենքի ներկայիս սեփականատերն ու դրա վիճակի պատասխանատուն Оld City ընկերությունն է, որն էլ պարտավորվել է վերականգնել շենքի արտաքին տեսքն ու այն դարձնել «Հին Երևանի» մաս։ ՀՀ նախկին իշխանությունների հետ կնքված պայմանագրով` շենքի վերակառուցումն 2015թ.-ին արդեն պետք է ավարտված լիներ։

Արամի 9 հասցեում գտնվող շենքը, որտեղ ընտանիքով բնակվել է Արամ Մանուկյանը, կառուցվել է 1906 թվականին, ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Տան ճակատային մասը սև տուֆից է, ներքին պատերը` հում աղյուսից, որն իրենից ներկայացնում է հողե շաղախ։ Հետևաբար, անձրևաջրերն ու խոնավությունը հեշտությամբ կարող են քայքայել ու վերջնականապես կործանել շենքը: