Վանեցյանն ու Դուդկոն հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանն ապրիլի 9-ին ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը, որը գլխավորում է Կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Սերգեյ Դուդկոն։ Այս մասին հայտնում է ԱԱԾ–ն։

Արթուր Վանեցյանը խոսել է Ադրբեջանի սպառնալիքների մասին

Պատվիրակությունը ժամանել է շտաբային բանակցությունների անցկացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերին նախատեսվող` ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների՝ «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում: Վարժանքին մասնակցելու են ԱՊՀ մասնակից պետությունների հատուկ ծառայությունները, 102-րդ ռուսական ռազմական բազան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչությունները:

Կայացած հանդիպման ընթացքում կողմերը փոխանակել են կարծիքներ՝ ԱՊՀ մասնակից պետությունների սահմաններին ձևավորվող իրավիճակի և Սիրիայում ու Իրաքում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից կրած լուրջ կորուստների հետևանքով վերջիններիս ռազմավարությունում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով ի հայտ եկող արդի սպառնալիքների վերաբերյալ: Բացի այդ, քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների առջև ներկայիս փուլում կանգնած ծրագրերն ու խնդիրները:

Վանեցյանն ու Դուդկոն հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք

Կողմերը նշեցին նաև ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ի և ԱՊՀ ՀԱԿ-ի միջև փոխգործակցության բարձր մակարդակը:

2006թ. Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԱԱԾ-ի կողմից, ԱՊՀ ՀԱԿ-ի համակարգմամբ, անցկացվել է «Ատոմ-Անտիտեռոր-2006» հակաահաբեկչական վարժանքը, որի ընթացքում մշակվել են Հայկական ԱԷԿ-ի հակաահաբեկչական պաշտպանվածության ուժեղացման հարցերը: