ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովն այսօր ավարտեց կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքը: Երեկ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերն այսօր ընդունվեցին երկրորդ ու վերջին ընթերցմամբ` գրեթե առանց քննարկման ու հարցուպատասխանի:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը ընդունվեցին միաձայն` առանց դեմ ու ձեռնպահ ձայների:
Միաձայն ընդունվեց նաև գազի վաճառքի կարգը վերանայելուն ուղղված Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: Քվեարկության դրված երրորդ փաթեթի դեպքում միայն պատգամավորներն այնքան էլ համակարծիք չգտնվեցին:
Ապրիլի վերջին շաբաթ օրը «Քաղաքացու օր» հռչակելու մասին «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագծին կողմ քվեարկեցին 93 պատգամավոր, 3-ը` դեմ, 5-ը` ձեռնպահ:
Դեմ և ձեռնպահ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք երեկվա քննարկման ժամանակ հայտնեցին, որ չեն ընդունում կառավարության` նման տոն հռչակելու նախաձեռնությունը:
Այսպիսով կառավարության որոշմամբ ու կառավարության առաջարկած օրակարգով գումարված ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց, բոլոր 3 նախագծերն ընդունվեցին: Նիստը վարող Լենա Նազարյանը հայտարարեց, որ հերթական նիստը կգումարվի արդեն հաջորդ շաբաթ` ապրիլի 16-ին: