ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի համալսարանի երևանյան մասնաճյուղը դադարեցնում է իր գործունեությունը։ Այդ տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հաստատեց երևանյան մասնաճյուղի տնօրեն Տիգրան Ասոյանը։
Համապատասխան հայտարարություն է հրապարակվել բուհի պաշտոնական կայքում։ Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի համալսարանը տեղեկացրել է այն մասին, որ ԲՈւՀ-ի գիտական խորհուրդը 2019թ–ի մարտի 25–ին որոշում է ընդունել երևանյան մասնաճյուղը փակելու մասին։
Միաժամանակ նշվում է, որ բուհը հաստատում է Երևանի մասնաճյուղում սովորող ուսանողների ուսուցումն ավարտելու երաշխիքները, ինչպես նաև առաջարկում ուսուցում` օգտագործելով դիստանցիոն կրթական տեխնոլոգիաները։
Մեկնաբանելով մասնաճյուղի փակումը` Ասոյանը նշեց, որ խնդիրներ են եղել օրենսդրական դաշտում` չբացատրելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։
«Այդ խնդիրներն արդեն լուծված են, և հետագա խախտումներից խուսափելու համար որոշում է ընդունվել փակել Երևանի մասնաճյուղը», – ասաց Ասոյանը։
Նրա խոսքով` ուսանողների բոլոր իրավունքները կպաշտպանվեն, և նրանք կշարունակեն բուհում ուսուցումը, բայց արդեն ոչ Երևանի մասնաճյուղում։ Եթե ինչ–որ մեկը ցանկանա ընդունվել մեկ այլ բուհ, համալսարանը պատրաստ է օգնել։
Հանգամանքները պարզելու համար Sputnik Արմենիան դիմեց Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի ակադեմիա, սակայն դեռևս պատասխան չի ստացել։
Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի համալսարանի երևանյան մասնաճյուղը ստեղծվել է 2001թ–ի հունիսի 28–ին ՌԴ կրթության նախարարի հրամանով։ Մասնաճյուղն Անդրկովկասում այդ հսկա բուհի միակ ներկայացուցիչն էր։
Երևանի մասնաճյուղն ուներ մոտ 500 ուսանող։