«Սպայկայի» տնօրենը կալանավորվեց. աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորվեց։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց ՊԵԿ-ի միջնորդության քննության հիման վրա կայացրած որոշումը։

Դատարանի հարակից տարածքում այս պահին բողոքի բազմամարդ ակցիա են իրականացնում «Սպայկայի» աշխատակիցները։

Միքայել Մինասյանին անձամբ ճանաչում եմ. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է պտտվող լուրերը

Նրանց խոսքով, տնօրենի նկատմամբ քրեական հետապնդման արդյունքում բազմաթիվ ընտանիքներ կարող են զրկվել օրվա հացից ու ապրուստի միակ միջոցից։

Հիշեցնենք` ապրիլի 4-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այսօր դատարանը քննարկելու է նրա նկատմամբ ՊԵԿ քննչական մարմնի միջնորդությունը` Դավիթ Ղազարյանին կալանավորելու մասին։

Հաջորդ օրը հրավիրած մամուլի ասուլիսում Ղազարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու այն համարում է անհիմն` որակելով որպես հետապնդում։

«Սպայկայի» տնօրենը կալանավորվեց. աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։

Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

«Սպայկայի» տնօրենի պարզաբանմամբ, նշված 7 մլրդ դրամից 5–ը ԱԱՀ-ն է, որը ժամանակավոր ներմուծման ռեժիմի պարագայում ենթակա է վերադարձման, իսկ մնացած 2 մլրդ–ի պարտավորությունն իրենց չի կարող վերագրվել, քանի որ իրենց ընկերությունը միայն բեռնափոխադրում է իրականացրել, բեռը պատկանել է «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ին։