«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն այսօր կալանավորվեց։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՊԵԿ-ի միջնորդության քննության հիման վրա կայացրած որոշումը։
«Սպայկայի» աշխատակիցները բողոքի ակցիա կազմակերպեցին դատարանի հարակից տարածքում։
Նրանց խոսքով, տնօրենի նկատմամբ քրեական հետապնդման արդյունքում բազմաթիվ ընտանիքներ կարող են զրկվել օրվա հացից ու ապրուստի միակ միջոցից։
«Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանները նրա կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարանին։
Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։
Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: