ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շնորհակալ է այն մադկանց, որոնք սկբունքային դիրքորոշում ունեն և պատրաստ են հանհավաք անկցացնել, բայց հորդորում է հավելյալ լարվածություն չստեղծել։ Այս մասին հայտնում է 2rd.am–ը։
Երկրորդ նախագահի կողմնակիցներն օրերս սոցցանցերում հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով ապրիլի 9-ին հերթական դատական նիստի ժամանակ վերաքննիչ դատարանի շենքի մոտ հավաք անցկացնել՝ ի նշան բողոքի և ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։
2rd.am–ը կապ է հաստատել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ ճշտելու համար՝ տեղյա՞կ են արդյոք, և ինչպիսի՞ վերաբերմունք ունեն դատարանի շենքի մոտ հավաք անցկացնելու մտքին։
«Այո, տեղյակ եմ այդ նախաձեռնության մասին։ Ուրախ եմ, որ նախագահ Քոչարյանի կողմնակիցները պատրաստ են իրենց սկզբունքային դիրքորոշումն արտահայտել նաև հանրահավաքային ձևաչափով և շնորհակալ եմ իրենց։ Սակայն պետք է, այնուամենայնիվ, խնդրեմ նրանց վաղը չդիմել այդ միջոցին։ Եկեք առայժմ չստեղծենք հավելյալ լարվածություն և որևէ ճնշում չգործադրենք դատարանի վրա՝ հույս ունենալով, որ իշխանություններն նույնպես, այս անգամ զերծ կմնան դրանից»,– ասել է Սողոմոնյանը։
Հիշեցնենք` նախորդ տարվա հուլիսին Քոչարյանը ձերբակալվել է 2008 թվականի մարտին հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Նախկին նախագահի փաստաբանները նրան քաղբանտարկյալ են համարում ու վստահեցնում, որ նրան առնչվող քրեական գործընթացները բացարձակ ապօրինություն են։
2019-ի մարտի 15-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ:
Քոչարյանի փաստաբանական խումբն այս որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարանում։ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Օրբելլյանն ավելի վաղ ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասելիքը դատարանում կասի ապրիլի 9-ին: