«Քաղաքացու օրն» առաջին ընթերցմամբ ընդունվեց. քանի՞ պատգամավոր դեմ քվեարկեց

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Քաղաքացու օրվա մասին նախագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրացույցում «Քաղաքացու օր» ավելացնելու մասին նախագիծը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց քաղաքացու օրը նշել ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։

«Այս օրը որպես տոն նշելու նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ տասնամյակներ շարունակ ՀՀ ժողովուրդը չի կարողացել ձևավորել լեգիտիմ գործադիր և օրենսդիր իշխանություն»,– ասաց նա։

Զեյնլայանն ավելացրեց` 2018-ի ապրիլին ժողովուրդը կարողացավ իրականացնել քաղաքագիտական որևէ բանաձևի մեջ չտեղավորվող հեղափոխություն։

Մենք հատուկ կռիվ չենք տալու, որ Քաղաքացու օր չլինի. Մարուքյանը` նոր տոնի մասին

«2018 թվականի ապրիլ–մայիսի ցույցերն ազդեցություն էին թողել ամբողջ աշխարհի վրա։ Բազմահազարանոց ցուցարարները չէին կռվում, լուսամուտ չէին կոտրում, չէին հարձակվում», – ասաց Զեյնալյանը։

Նրա խոսքով` այդ օրը ևս մեկ առիթ կդառնա հիշելու այն մասին, որ պետությունը կերտում է ոչ թե իշխանությունը, այլ նրա յուրաքանչյուր բնակիչը։

Օրինագիծն ընդունվեց 92 կողմ ձայնով։ 3 պատգամավոր դեմ քվեարկեցին, 5-ը ձեռնպահ մնացին։

Դեմ քվեարկող պատգամավորներն են Կարեն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Գևորգ Գորգիսյանը (երեքն էլ` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից)։

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկայանա 24 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մարտի 21–ին առաջարկել էր ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում հռչակել Քաղաքացու օր։ Այս առաջարկը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Համապատասխան փոփոխությունը նախատեսվում է ընդունել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որն ԱԺ-ում կքննարկվի հերթական նիստի անմիջապես ավարտից հետո նախանշված արտահերթ նիստում: