ՊԵԿ-ը կոչ է անում «Սպայկային» մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը

Активисты заблокировали вход в здание Комитета гос.доходов (17 апреля 2018). Ереван
«Սպայկա» ՍՊԸ–ի և նրան փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործի այլ տվյալների հրապարակումը ՊԵԿ–ն այս պահին անթույլատրելի է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. ՀՀ պետեկամուտների կոմիտեն անդրադարձել է «Սպայկայի» տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործին։

«ՊԵԿ-ը կոչ է անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել նախաքննության ընթացքի վրա»,– ասված է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։

«Սպայկայի» հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել տնօրենի ձերբակալման դեմ
Երևանում կրկին բողոքի ակցիա էր. ի՞նչ էին պահանջում «Սպայկայի» աշխատակիցները. տեսանյութ

Պետեկամուտների կոմիտեն նշում է, որ օրերս հանդես է եկել հրապարկային հայտարարություններով և, թույլատրելիի սահմաններում, տեղեկատվություն ներկայացրել «Սպայկա» ՍՊԸ-ի ղեկավար անձանց կատարած խախտումների վերաբերյալ:

«Հաշվի առնելով նախնական քննության գաղտնիությունը և կարգը՝ «Սպայկա» ՍՊԸ-ի և նրան փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործի այլ տվյալների հրապարակումն այս պահին անթույլատրելի է»,– ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ-ի միջնորդությունը` «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ 2 ամիս տևողությամբ նախաքննական կալանք կիրառելու մասին։

Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։

Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ` պետությանը պատճառելով ավելի քան 7 մլրդ դրամի վնաս։

«Սպայկայի» տնօրենի պարզաբանմամբ, նշված 7 մլրդ դրամից 5–ը ԱԱՀ-ն է, որը ժամանակավոր ներմուծման ռեժիմի պարագայում ենթակա է վերադարձման, իսկ մնացած 2 մլրդ–ի պարտավորությունն իրենց չի կարող վերագրվել, քանի որ իրենց ընկերությունը միայն բեռնափոխադրում է իրականացրել, բեռը պատկանել է «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ին։