ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները մայիսին կայցելեն զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, այս մասին խոսվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներն ընթացքում են:
Հանձնարարվել է այցի ընթացքում զորամասերում կազմակերպել նաև մշակութային միջոցառումներ: Նախնական տվյալներով այցը` տեղի կունենա մայիսի 17-ին։
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ հազարավոր ծնողներ կարողանում էին տեսակցել իրենց զինծառայող որդիներին նախորդ քաղաքապետի` Տարոն Մարգարյանի պաշտոնավորման օրոք։ Այցելությունները կազմակերպվում էին տարվա մեջ երկու անգամ` գարնանն ու աշնանը։
Նշենք, որ Մարգարյանը հրաժարական տվեց 2018 թվականի հուիսին, սեպտեմբերին քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանը, և այդ տարվա աշնանը ծնողների և զինծառայող որդիների տեսակցություն չկազմակերպվեց։