ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. ԱՄՆ–ի Պորտլենդ քաղաքում սովորող Յանյան Չժոուն և Ցյուն Ցյանը 2017 թվականի ապրիլից մինչև 2018–ի մարտն ընկած ժամանակահատվածում Apple–ի սպասարկման կենտրոններ են տարել 3069 կեղծված հեռախոս։ Այս մասին հայտնում է NPR-ը։
Ուսանողները սարքերը հանձնել են վերանորոգման և ներկայացել հորինված անուններով, նույնը խնդրել են անել ծանոթներին։ Նրանցից մեկը նույնիսկ ներկայացել էր «Ապաչե Հելիքոփթեր» անվամբ, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է «Ապաչե ուղղաթիռ»։
Չինացիները վերանորոգված կամ նորով փոխարինված սմարթֆոններն ուղարկել են հայրենի Չինաստան և վաճառել` շահույթը պահելով իրենց։
Դատարանի փաստաթղթերի համաձայն` ուսանողներին հաջողվել է 1493 նոր հեռախոս կորզել Apple-ից, ինչի պատճառով ընկերության վնասը կազմել է 896,8 հազար դոլար։
Խարդախության ցանցը բացահայտել են ԱՄՆ–ի Մաքսային և Սահմանային վերահսկման ծառայության աշխատակիցները։ Ուսանողները նրանց ուշադրության կենտրոնում են հայտնվել, երբ նրանց անունով իրար հետևից 5 ծանրոց է եկել` կեղծված հեռախոսներով։ Ցուցմունք տալու ժամանակ ուսանողները հայտարարել են, որ իբր տեղյակ չեն եղել սմարթֆոնների կեղծված լինելու մասին։