ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Աբդալլահ Երկրորդը, ողջունելով Հայաստանի նախագահին, մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին և նշել, որ երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև եղել են շատ խորը կապեր և պատմականորեն ձևավորված բարեկամություն։ Աբդալլահ Երկրորդը հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում։
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Նախագահն ընդգծել է Աբդալլահ Երկրորդի, ինչպես նաև նրա հոր ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ։ «Հայ-հորդանանյան բարեկամության լավագույն վկայությունը Հորդանան գետի ափին վեր խոյացող հայկական եկեղեցին է»,–ասել է Սարգսյանը։
Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության ոլորտներում։
Հորդանանի թագավորն ասել է, որ առաջիկայում Հայաստան կգործուղի պատվիրակություն՝ տեղում փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Արմեն Սարգսյանը հրավիրել է Հորդանանի թագավորին այցելել Հայաստան։