Նելլի Դանիելյան, Sputnik.
Օդափոխիչ համակարգ, LED լուսավորություն, ռետինե և ծղոտե ներքնակներ, արևային տաքացուցիչ, բարձր առաստաղ։ Սա այն «էլիտար» պայմանների ոչ ամբողջական թվարկումն է, որը ՀՀ կառավարությունն առաջարկում է Հայաստանի կովերին` ավելի շատ կաթ տալու պայմանով։
Սրանք այն պարտադիր պայմաններն են, որոնք պետք է լինեն գյուղնախարարության ծրագրած «խելացի» անասնագոմերում։ Դրանք պետք է նաև ապահովված լինեն կթի շարժական սարքավորումներով, թափոնների հեռացման ավտոմատ համակարգով, կաթի պաղեցման ու ջրի տաքացման համակարգերով։
Անասնագոմում յուրաքանչյուր կովին պետք է բաժին հասնի 8-9 քմ տարածք, գոմի առաստաղի բարձրությունը պետք է լինի նվազագույնը 6 մ։ Կառավարությունը հաշվարկել է, որ այս պայմաններում յուրաքանչյուր կենդանին կսկսի օրական 3500–4000 մլ կաթ տալ` ներկայիս 2000-2500–ի փոխարեն։
Ապրիլի 4-ի կառավարության նիստում ընդունված ծրագրի մասին գյուղացիները կա՛մ դեռ չեն լսել, կա՛մ դեռ չեն պատկերացնում, թե այն իրենից ինչ է ներկայացնում, ուստի դժվարանում են նաև դրա վերաբերյալ տեսակետ հայտնել։
Մյասնիկյան գյուղում անասնապահությամբ զբաղվող Արթուր Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ողջունում է փոքր ու միջին գյուղատնտեսությունը խթանելու կառավարության նախաձեռնությունը, թեև վստահություն չունի ծրագրի նկատմամբ։
«Շատ մշուշոտ է։ Պարզաբանումներ են պետք, ընդհանուր ասացին, բայց չեմ պատկերացնում` արդյունավետ կլինի, թե չէ։ Այսօր կարող է ասեն մի բան, վաղը փոխեն։ Չգիտեմ, վստահություն չի ներշնչում»,– ասաց նա։
Գյուղացիներից մեկն էլ կատակեց, թե LED լամպեր ու արևային տաքացուցիչ իրենք նույնիսկ իրենց տանը չունեն, կովերի համար ինչպե՞ս գնեն։
Հանրային խորհրդի Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Համբարձումյանը «խելացի» գոմերի գաղափարը «հրաշալի» է համարում և արդեն հաշվարկել է` ծրագրի արդյունքում Հայաստանում կստեղծվի շուրջ 63 տնտեսություն, անասունների գլխաքանակը կավելանա 2400-ով։ «Սա, մեկ ծրագրի համար վատ ցուցանիշ չէ, բայց եթե համեմատում ենք մեր հնարավորություններ ՀՀ–ի ամբողջ կարողությունների հետ և թե ինչպիսի արդյունք ենք տալիս, ստացվում է` ծովում 1 կաթիլ ջուր»,– ասաց նա` հավելելով, որ այսօր Հայաստանում հաշվառված են 700 000 խոշոր եղջերավոր անասուն, որոնց թիվը ծրագրի արդյունքում կավելանա ընդամենը 2400–ով։ «Լավ է, ցուցանիշ է, բայց ինչ–որ բան կփոխի՞ 700 000–ի մեջ»,– ասում է Համբարձումյանը։
Ինչ վերաբերում է գոմերի գաղափարին, գյուղատնտեսը համարում է, որ ծրագիրը նախատեսված է ոչ բոլոր գյուղացիների համար։ «Հիմնականում հակված են լինելու այն գյուղացիները, որոնք որոշակի պատկերացումներ ունեն անասնապահության մասին, միտում ունեն իրենց տնտեսությունը զարգացնելու։ Այո՛, ծրագիրը չի ենթադրում, որ մեծերին է ֆինանսավորելու, բայց և չի ենթադրում, որ 1-2 կով ունեցողներին է ֆինասավորելու»,– ասաց նա։
Ծրագրի իրականացման հիմնական ռիսկը Վարդան Համբարձումյանը տեսնում է ոչ թե կառավարության առաջարկների, անասնագոմերի կառուցման ու ֆինանսավորման հատվածում, այլ արդեն հաջորդ`ստացված կաթի իրացման օղակում։
Կառավարության հաստատած «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիրն առաջարկում է ծրագրին մասնակցելու 3 մոդել։
Առաջինի դեպքում գյուղացին պետք է առնվազն 10-15 գլուխ անասունի համար կառուցի 130-280 քմ տարածքով անասնագոմ, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ։
Երկրորդ մոդելով 20-25 գլուխ կենդանու համար նախատեսվում է 281-450 քմ տարածք` շուրջ 23 մլն ՀՀ դրամ արժեքով, 3-րդ մոդելով` 40-45 գլուխ անասունի համար`451 և ավելի քմ–անոց գոմ`35 մլն դրամ արժեքով։ Ընդ որում, գյուղացին գոմը պիտի կառուցի սեփական միջոցներով և ծախսած գումարի շուրջ 50 տոկոսը ստանա միայն այն դեպքում, երբ պետությունն ընդունի կառույցը։
Ծրագրով նախատեսված գումարը 3.2 մլրդ դրամ է, դրանով նախատեսված է ապահովել 230 «խելացի» անասնագոմերի կառուցում։