ՄԻԵԴ–ը գրանցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների երրորդ գանգատը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումը հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած թվով երրորդ գանգատը: Այս մասին նշված է Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարության մեջ։

«Երրորդ գանգատը վերաբերել է Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը»,– նշված է հայտարարության մեջ:

Պաշտպանական խմբի կողմից ավելի վաղ ներկայացված երկու գանգատներից մեկը՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով է, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:

Հիշեցնենք` նախորդ տարվա հուլիսին Քոչարյանը ձերբակալվել է 2008 թվականի մարտին հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Նախկին նախագահի փաստաբանները նրան քաղբանտարկյալ են համարում ու վստահեցնում, որ նրան առնչվող քրեական գործընթացները բացարձակ ապօրինություն են։

Ռոբերտ Քոչարյանը կխոսի ապրիլի 9-ին

Մարդու իրավունքների Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը վերաբերում է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքին։ Երրորդ կետում նշված է, որ ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է: