ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ։ Նախագահը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս կայացած հանդիպումը և ընդգծել, որ ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։

Արմեն Սարգսյանը, կարևորելով ՄԱԿ-ի հետ մեր երկրի համագործակցությունը, ասել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կազմակերպության և դրա կառույցների աշխատանքներում։ «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, նաև մեծ ցանկություն այն ավելի ինտենսիվ դարձնելու հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի շրջանակներում»,-նշել է նախագահը։

Սարգսյանն ու Հորդանանի թագավորը հանդիպել են. ինչ են պայմանավորվել նրանք

Սարգսյանն ընդգծել է նաև Անտոնիո Գուտերեշի մեծ ներդրումը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեության մեջ, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել երկար տարիներ։

Նախագահը Հորդանանում է` Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով։

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Ալիևի` մարտի 29-ին կայացած հանդիպումն անցել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։