Հայաստանի ազգային պատկերասրահը հերքում է պատկերասրահից թանկարժեք կտավների անհետացման լուրը

Ֆոնդերի փաստացի առկայության ստուգման և հաշվառման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի— Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ չեն անհետացել։ Այս մասին տեղեկացնում է պատկերասրահի մամուլի ծառայությունը։

Պետական ֆոնդերից անհետացել են Սարյանի ու Զարդարյանի գեղանկարները. հարուցվել է քրեական գործ

Երեկ ՀՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ պետական ֆոնդերից անհետացել են Սարյանի ու Զարդարյանի գեղանկարները, հարուցվել է քրեական գործ։

«Հրապարակումներում տեղ գտած տեղեկությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ին, որը 2016–ին լուծարվել և միացվել է պատկերասրահին: Նախկին «Ցուցահանդեսային կենտրոնի» ֆոնդերի փաստացի առկայության ստուգման և հաշվառման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ստուգման ընթացքում հայտնաբերված բացակայող առարկաների մասին պատկերասրահի տնօրինությունը տեղեկացրել է վերադաս լիազոր և իրավապահ մարմիններին, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրգործ»,–տեղեկացնում են պատկերասրահից։

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ պետական ֆոնդերից անհետացել են 120 250 000 դրամ արժեքով մշակութային 626 նմուշ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն։ Կորած արժեքների շարքում են նաև բացառիկ գեղարվեստական արժեք ներկայացնող 2 գեղանկար՝ Մարտիրոս Սարյանի` 60 000 000 դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի` 2 000 000 դրամ արժեքով «Վերածնունդ» գեղանկարը: