Երկուսը` մեկում. ԱԺ պատգամավորը դատապարտվել է ու համաներմամբ ազատ արձակվել

Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում Վյաչեսլավ Հարությունովին հարվածներ հասցնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի— Sputnik. Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը, ազատվեց պատժի կրումից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը` նշելով, որ դատարանը վճիռը հրապարակել է ապրիլի 5–ին:

Բաբայանին մեղադրանք է առաջադրվել 2018թ․հուլիս 2-ին Երևան քաղաքի Միկոյան փողոցի 51 հասցեում գտնվող «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում Վյաչեսլավ Հարությունովին հարվածներ հասցնելու համար։

«Դատարանը Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել` դատապարտելով 3,6 տարի ազատազրկման։ Սակայն Բաբայանի նկատմամբ համաներում է կիրառվել` Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի համաձայն։ Բաբայանն ազատվել է պատժի կրումից»,-նշեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։

Երկուսը` մեկում. ԱԺ պատգամավորը դատապարտվել է ու համաներմամբ ազատ արձակվել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների շարքում ամենաշատ քվեներ էր ստացել հենց Բաբայանը։ Կոտայքի մարզում նրան կողմ էին քվեարկել 7472 ընտրող:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համաներման մասին օրենքը ստորագրել էր 2018 թվականի նոյեմբերի 3-ին։