Այ քեզ բան. մարդիկ «քնաբեր» գիշերանոց են ստեղծել, «չինացին» սայթաքել է, 5G–ն` գործարկվել

Xiaomi սմարթֆոնները բաց են հաքերների առջև, նոր գիշերանոցը կօգնի ավելի լավ քնել, SnapChat-ի թիմը խաղային հարթակ է գործարկել, իսկ ինտերնետն ավելի է արագացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթ իմացանք, որ իսրայելցի փորձագետները թերություն են գտել չինական սմարթֆոններում, համոզվեցինք, որ գիշերանոց ամեն դեպքում պետք է հագնել, իսկ ամենավերջում պարզվեց` ինչ է 5G-ն և ովքեր են առաջին գործարկողները։ Հիմա շաբաթվա ընթացքում գրանցված կարևոր իրադարձություններին անդրադառնանք հերթականությամբ։

Xiaomi-ն սայթաքել է

ՏՏ անվտանգությամբ զբաղվող Check Point իսրայելական ընկերությունը հայտնաբերել է, որ Լին Բինի Xiaomi ընկերության արտադրած սմարթֆոններից չջնջվող Guard Provider հավելվածը կապի համար չպաշտպանված ցանցային միացում է օգտագործում։ Այսինքն` հաքերները մեկից մեկ կարող են, այսպես ասած, «կպնել» նույն Wi-Fi ցանցին և ստանալ հավելվածին փոխանցվող բոլոր տվյալները։ Այս մասին տեղեկացնում է Check Point ընկերության պաշտոնական բլոգը։

Ուսանողները թալանել են Apple-ին

Մնում է միայն աղոթել, որ չարագործ սրիկաները շատ չեն վնասի ձեր սմարթֆոնը կամ չեն գողանա անձնական ու բանկային տվյալները։ Այս խոտանի հետևանքով հնարավոր է պարզել նաև օգտատիրոջ գտնվելու վայրը: Check Point ընկերությունը վստահեցնում է, որ չինական տեխնոհսկայի փորձագետները զբաղվում են այս հարցի լուծմամբ։

Լավ քնելու համար «ֆիժամա» է ստեղծվել

Քունը շատերի համար վեր է ամեն ինչից։ Երևի թե դրա համար էլ նորագույն սարքերից ու նորարարություններից շատերը ստեղծվում են մարդու քունն ավելի հանգիստ, իսկ երազները` քաղցր դարձնելու համար։ Բացառություն չէ նաև Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների ստեղծած «Ֆիժաման», որը մասնագետների պնդմամբ հետազոտելու է մարդուն քնած ժամանակ և անհրաժեշտ տվյալներ է տրամադրելու հենց օգտատիրոջը կամ էլ բուժող բժշկին։ Այս մասին հայտնում է Vesti-ի գիտական բաժինը։

Այս խելացի գիշերազգեստը արտաքնապես չի տարբերվում սովորականից։ Նայում ես, սովորական գիշերանոց է, բայց պարզվում է` ներկառուցված և թաքցված թեթև պոլիմերային ընկալող–հաղորդող 5 սարք ունի։

«Ֆիժամայի» փորձարկումներին մասնակցել են 35 կամավոր, և գիտնականները ևս մեկ անգամ համոզվել են, որ հագուստի հաղորդած տվյալները ճշգրիտ են։ Արտադրողի խոսքով` գիշերվա անբաժան ընկերը կհայտնվի շուկայում երկու տարվա ընթացքում և 100-200 դոլար կարժենա։

Նոր խաղային հարթակ SnapChat-ի թիմից

Ապրիլի 4–ին տրվել է SnapChat-ի խաղային հարթակի մեկնարկը։ Այժմ օգտատերերը կարող են միմյանց գրելու ընթացքում նաև խաղալ, ընդ որում` այնպիսի խաղեր, որոնք չես կարող անվանել մինիմալիստական։ Խաղերն աշխատում են եռաչափ գրաֆիկայով, չեն պահանջում լրացուցիչ ներբեռնումներ և վայրկենաբար ակտիվանում են։

Snapchat-ի թիմն իր պաշտոնական կայքում հայտնում է, որ հարթակի շրջանակում հնարավոր է իմանալ, թե ում հետ ես խաղում և հենց այդտեղ էլ նամակներ գրել և նույնիսկ շփվել ձայնով։ Խաղացողներն էլ, 6 վայրկյանանոց տեսահոլովակներ դիտելով, կպարգևատրվեն ներխաղային բոնուսներով, որի շնորհիվ էլ փող կաշխատեն ստեղծողները։

5G ցանցը գործարկված է

Հարավային Կորեայի երեք բջջային օպերատորներն ու ամերիկյան մեկ օպերատոր հայտնել են 5–րդ սերնդի մոբայլ ինտերնետի լիարժեք թողարկման մասին։ Դրանից հետո ընկերությունները սկսեցին Galaxy S10 5G–ի օգտատերերին միացնել նոր ծառայությանը։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Այ քեզ բան. սմարթ սրճարանները բազմանում են, ռոբոտը ծնող է դառնում. ո՞վ է շոու անում

Հարվային Կորեայում ցանցի թողարկման առաջնեկությունը վիճարկում է հեռահաղորդակցային ընկերություն AT & T Inc.–ը, որի ներկայացուցիչները պնդում են, թե իրենք դեռ անցյալ տարի 5G–ն տարածել էին սահմանափակ տարածքներում։

Սպասվում է, որ այս տեխնոլոգիան կօգնի զարգացնել սմարթքաղաքների և ավտոմատացված մեքենաների նախագծերը, քանի որ 5G–ն կարող է առաջարկել մոտ 20 անգամ, որոշ դեպքերում էլ 100 անգամ արագ ինտերնետ, քան 4G ցանցում։ Տվյալների փոխանցման արագությունը կհասնի 1 վայրկյանում 25 գեգաբայթի, որն էլ կտա հնարավորություն Ultra HD կետայնությամբ տեսահոլովակներ հեռարձակել օնլայն ռեժիմում։ Մնում է սպասել, թե երբ այս արագությունը կհասնի Հայաստան և մարդկային երևակայությունը դեռ որքան կավելացնի ինտերնետի արագությունը։

Այս ամենին զուգահեռ մնում է ասել, որ մոտ մեկ ամիս առաջ չինացի վիրաբույժը 5G ցանցի միջոցով, հիվանդից 3000 կմ հեռավորության վրա գտնվելով, կատարել էր գլխուղեղի առաջին օնլայն վիրահատությունը։