Թաթոյանը չհայտարարված այց է կատարել ՔԿՀ–ներ, զրուցել ազատազրկված անձանց հետ

Ազատազրկվածների բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արսեն Թաթոյանը ապրիլի 4-ին և 5-ին չհայտարարված այց է կատարել «Արմավիր», «Կոշ» և «Աբովյան» ՔԿՀ-ներ, առանձնազրույց ունեցել ազատազրկված անձանց հետ։ Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

Թաթոյանը ՔԿՀ–ներ է այցելել իրեն հասցեագրված բողոքների, ինչպես նաև իր աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա։ Նա զրուցել է նաև հացադուլ հայտարարած 1 անձի հետ:

«Դեռ ապրիլի 3-ից «Աբովյան» ՔԿՀ–ում հացադուլ հայտարարած անձը հայտնել էր, որ հացադուլը պայմանավորված է իր նկատմամբ կայացված դատավճռով: Ազատությունից զրկված անձին պարզաբանվել են ՄԻՊ լիազորությունները և դատավճիռը բողոքարկելու կարգը, ինչպես նաև հացադուլի բացասական հետևանքներն իր առողջական վիճակի վրա: Վերջինս քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունների կապակցությամբ որևէ բողոք չի ներկայացրել»,–տեղեկացնում են ՄԻՊ–ի գրասենյակից։

Ի՞նչ է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Արման Թաթոյանի հանդիպումից հետո

Մյուս անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, քրեական գործով տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ կիրառված արգելքի, ինչպես նաև քրեական վարույթի շրջանակներում կալանավորված անձին այլ երկիր արտահանձնելուն:

Հարցերի մի մասի վերաբերյալ պաշտպանին հասցեագրվել են գրավոր բողոքներ, իսկ որոշ հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ, որոնց մի մասը տեղում լուծվել են:

Ազատությունից զրկված անձանց բարձրացրած հարցերի լուծման կապակցությամբ ՄԻՊ–ի իրավասության շրջանակում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։