Երևանում հնչած կրակոցների հետքերով. հրամանատարի ուղղությամբ կրակել է նրա նախկին աշխատակիցը

40-ամյա հրամանատարն աշխատանքի գնալիս է եղել, երբ վերելակի մոտ նրա ուղղությամբ կրակոցներ են արձակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան Մալաթիա-Սեբաստիայում հնչած կրակոցների վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։

Մեր տեղեկություններով՝ ՊՆ N զորամասի հրամանատարի ուղղությամբ կրակոցներ արձակած 57-ամյա տղամարդը նրա նախկին աշխատակիցն է։ Զորամասում աշխատել է որպես վարորդ և վերջերս հեռացվել է աշխատանքից, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, դարձել է հաշվեհարդար տեսնելու պատճառ։

40-ամյա հրամանատարն աշխատանքի գնալիս է եղել, երբ վերելակի մոտ նրա ուղղությամբ կրակոցներ են արձակել։ Վնասվել են որովայնն ու ոտքը։

Չնայած վնասվածքներին` նրան հաջողվել է վնասազերծել կրակողին և պահել այնքան, մինչև ոստիկանները ժամանել են ու բերման ենթարկել բաժին։ Հրամանատարն էլ տեղափոխվել է «Աստղիկ»  բժշկական կենտրոն։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Կրակոցներ Երևանում. ՊՆ զորամասի հրամանատարը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: 

Պարզվել է, որ նշված հասցեից հրազենային վիրավորումով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի` 1979 թվականին ծնված տղամարդը:

Կատարված քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում` շարժառիթը և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1962 թվականին: Վերջինս այս պահին բերման է ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին: 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: