Ռոբերտ Քոչարյանը կխոսի ապրիլի 9-ին

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է 4 օրով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասելիքը դատարանում կասի ապրիլի 9-ին։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանի նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա էր, բայց ընթացքում չի խոսել և ակնկալվում է, որ ամսի 9-ին կխոսի»,– ասաց Օրբելյանը։

Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին

Փաստաբանը հայտնեց նաև, որ մեղադրական ու պաշտպանական կողմերը նիստի ընթացքում ներկայացրել են իրենց բողոքները, բողոքի քննությունը դեռ չի ավարտվել։ Նիստն ընդհատվել է և կշարունակվի ապրիլի 9-ին, 14։ 30-ին։

Անդրադառնալով Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտին ու իրենց ներկայացված նյութերում առկա փաստական տվյալներին`Արամ Օրբելյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ և չէր էլ կարող լինել։

«Չկա բնության մեջ նյութ, որ 2008թ.–ին սահմանադրական կարգը Ռոբերտ Քոչարյանը տապալել է, որովհետև սահմանադրական կարգը 2008թ.–ին չի տապալվել»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` 2019-ի մարտի 15-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ:

Քոչարյանի փաստաբանական խումբն այս որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարանում։