ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «Պարգևատրումները պետք է լինեն ոչ թե մասսայական, այլ ընտրովի»

Կառավարությունն առաջարկում է 2․3 միլիարդ դրամով ավելացնել պետեկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը կարևորում է հարկային ու մաքսային մարմինների աշխատանքների որակը բարելավելու, կոռուպցիան ու ստվերը բացառելու և հարկահավաքության ցուցանիշները բարելավելու առումով:
Sputnik
Խաչատրյան. «Պարգևատրումները պետք է լինեն ոչ թե մասսայական, այլ ընտրովի»

Չնայած դրան, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու մշակույթի նախարար տեղակալ Տիգրան Գալստյանը նախագծին երեկ դեմ են քվեարկել։ Մասնավորապես, ֆինանսների նախարարը համոզմունք է հայտնել, որ պարգևավճարների համար անհրաժեշտ է գտնել համակարգային լուծում, իսկ պարգևատրումներ պիտի ստանան ոչ թե բոլորը, այլ միայն գործի մեջ աչքի ընկած աշխատակիցները:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ չնայած պարգևատրման մեխանիզմը խրախուսելու լավագույն միջոցներից մեկն է, այդուհանդերձ պարգևավճարները պետք է լինեն ոչ թե զանգվածային, այլ ընտրովի։

«Եթե կոչվում է պարգևատրում, ապա դա պետք է լինի ոչ թե մասսայական, այլ ընտրովի, այսինքն` պետք է պարգևատրվեն այն մարդիկ, որոնք իրոք արժանի են, իրենց աշխատանքով ցուցաբերել են ավելի լավ մոտեցումներ»,-կարծում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Տնտեսագետի խոսքով` որպեսզի պետեկամուտների կոմիտեից կոռուպցիոն ռիսկերն ընդհանրապես վերանան, ապա այդ կառույցներում պետք է ոչ միայն պարգևատրման մեխանիզմների կիրառումը, այլև անհրաժեշտ է, որ փոխվի կառավարման ամբողջ համակարգի մտածողությունը։