Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2019թ-ին մարզերում 57 ֆուտբոլի դաշտ կբացի

Բանակցություններ են ընթանում ազգային մասշտաբի նոր մարզադաշտի շինարարության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2019թ.-ին 57 ֆուտբոլային դաշտ կբացի հանրապետության մարզերում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության (մինչև 19 տարեկանների) հետհաշվարկի բացման ժամանակ։ Մինչև առաջնությունը մնացել է 100 օր, այն տեղի կունենա հուլիսի 14-27-ը Երևանում։

«57 հատ ֆուտբոլի դաշտն աննախադեպ թիվ է։ Մենք կհրավիրենք ձեզ դրանց բացմանը, և կտեսնեք, թե ինչպիսի քայլեր ենք անում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար», - ասաց նա։

Երևանում անցկացվելիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության մեկնարկին մնաց 100 օր

Շարունակվում են քննարկումներն ազգային մասշտաբի նոր մեծ մարզադաշտի շինարարության համար։ Դրա համար բանակցություններ են ընթանում հնարավոր ներդրողների հետ։

Երևանում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են ութ թիմեր, որոնք բաժանվելու են երկու խմբերի, հետո խմբերում առաջին և երկրորդ տեղ գրաված հավաքականները արդեն կվիճարկեն եզրափակիչ ուղեգիր:

Մրցաշարին Հայաստանի հավաքականից բացի կմասնակցեն Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Չեխիայի հավաքականները: Մրցաշարը Երևանում անցկացվելու է երեք մարզադաշտերում՝ «Հանրապետական» ստադիոնում, ֆուտբոլի ակադեմիայի կենտրոնական խաղադաշտում և «Բանանց» ակումբի գլխավոր մարզադաշտում: Առաջնությունն անցկացվելու է հուլիս 14-27-ը: