ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Մայիսի 25-ին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» կազմակերպում է «Արի պարի քոչարի» խորագրով հերթական ֆլեշմոբը: Առաջին անգամ այն իրականցվել է 2018 թվականի մայիսին և մեծ հնչեղություն է ունեցել Հայաստանում ու հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Այս տարի ֆլեշմոբը նվիրվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների» 2018-2019 թթ. օրացույցում:
Բացի այդ, իրադարձությունը կարևորվում է այն հանգամանքով, որ Քոչարի պարը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, ինչպես նաև` պարի պահպանության և տարածման հետ կապված միջոցառումների իրականացմամբ:
Այս տարի, որպես մասնակցության առաջնային պար, ընտրվել է Կարնո Քոչարին։
«Արի պարի քոչարի» ֆլեշմոբն առաջին անգամ անցկացվել է 2018թ.-ի մայիսի 26-ին։
Ֆլեշմոբին մասնակցելու համար պետք է գրանցվել aripariqochari.com կայքում։