Facebook–ի ֆեյք էջի օգտատեր է այսօր ձերբակալվել. Վանեցյան

Հարուցվել է քրեական գործ՝ ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Ապրիլ — Sputnik. Այսօր ձերբակալվել է մեկ անձ, Facebook-ում շատ հայտնի մի էջ կա, որը ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Մարտիրոսյան. «Օրենսդրությունը ֆեյքերի հետ կապված փաստացի լուծումներ չունի»

Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 4–ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր զբաղվել «ֆեյքերով»: Նա նշել էր, որ թեպետ մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար և ապատեղեկատվություն տարածելու համար։

Նշելով, որ վարչապետի երեկվա հանձնարարական արդեն կատարվել է` Վանեցյանը տեղեկացրեց, որ ձերբակալվածը «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյսբուքյան էջի օգտատերն է: «Կարծում եմ՝ բոլոր օգտատերերը շատ լավ գիտեն այդ էջը: Դրա տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել է»,–ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով` հարուցվել է քրեական գործ՝ ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ ԱԱԾ տնօրենը խոստացավ, որ մնացած մանրամասները կտրամադրի ԱԱԾ մամուլի կենտրոնը։