«Ես էլ եմ սխալվում». Օզբիլիսը գրել է «Վիլլեմից» հեռանալու մասին

Օզբիլիսը համոզված է` իրեն ճանաչողները գիտեն, որ ինքը կարգապահ է ու ազնիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը որոշել է խոսել հոլանդական «Վիլլեմ II»-ի հետ պայմանագիրը խզելու մասին և այդ մասին գրել է Instagarm սոցիալական ցանցի իր էջում։

«Հավանաբար գիտեք, որ իմ և «Վիլլեմի» ճանապարհները բաժանվել են: Ստեղծված իրավիճակում ուզում եմ որոշ բաներ պարզաբանել: Ճիշտ է, որ ես հրաժարվել եմ փոխարինման դուրս գալ «Ֆորտունա Սիթլարդի» հետ խաղում: Սխալ էր, և ես դրա համար արդեն ներողություն եմ խնդրել: Զգացմունքներս տեղի տվեցին, երբ տեսա, որ մարզիչն ուզում է փոխարինում կատարել, ինչն ինձ համար անընդունելի էր: Ես իսկապես ցավում եմ, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»,– գրել է նա:

Օզբիլիսին տհաճություն է պատճառել «աշխատել չցանկանալու» որակումը:

«Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես պրոֆեսիոնալ եմ, կարգապահ wu ազնիվ: Բայց ես էլ եմ սխալվում»,- գրել է ֆուտբոլիստը:

Օզբիլիսն այդուհանդերձ շնորհակալություն է հայտնել ակումբի աշխատակիցներին, թիմակիցներին, խոհանոցի աշխատակիցներին, բժշկական անձնակազմին և «Վիլլեմ II»-ի երկրպագուներին:

Հիշեցնենք` Օզիբիլիսը վարձավճարով էր հանդես գալիս «Վիլեմ II»-ում: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են թուրքական «Բեշիքթաշին»։