ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանի հովտային ու նախալեռնային շրջաններում ցրտահարություններ 99 տոկոսով չեն սպասվում: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նրա խոսքով` ապրիլ և մայիս ամիսներին տեղումները նորմայից ավելին կլինեն, իսկ հունիսին` նորմայի սահմաններում:
«Ջերմաստիճանի փոփոխությունների հետ կապված գետերի ելքը ավելանալու է: Անցյալ տարի եղել է 60-80 տոկոս, հիմա մոտավորապես 90- 120 տոկոս է: Այսինքն` գետերը ջրառատ են լինելու»,-ասաց նախարարը:
Սևանա լիճը 7 սմ-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Բայց հունիսի 1-ի դրությամբ 45 սմ-ով կավելանա: Այս ցուցանիշը անհավանական թվաց վարչապետին, սակայն Ցոլակյանը վստահեցրեց, որ դա իրատեսական է: Նախարարի խոսքով` Սևանից ջրառի ավարտին լճի մակարդակն անցյալ տարվա նույն ժամանակահատվածից ավելի կլինի ընդամենը 5 սմ-ով:
Գրեթե նույն լավատեսական կանխատեսումներն են արվում նաև ՀՀ այլ լճերի ու ջրամբարների լցվածության վերաբերյալ:
Այս տարի Հայաստանում բարձր է նաև ՀՀ տարածքում առկա ձնաշերտերի հաստությունը, ինչը թույլ է տալիս կանխատեսել, որ հալոցքի ավարտին դա ևս կնպաստի ջրային ռեսուրսների ավելացմանը:
Լավատեսական կանխատեսումների ավարտին Ցոլակյանն ավելացրեց. «Թու-թու, մոռացա ասեմ»:
Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ 2019թ.-ը,փաստորեն, բարենպաստ է գյուղատնտեսության համար: