Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել

Հայտնի երգիչը չի կարող մեկնել երկրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի— Sputnik. Երգիչ Սպիտակցի Հայկոյին` Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Դեկտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում. վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։ Նա զանգել էր շտապօգնություն և փորձել էր օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, բայց կնոջը երկրորդ անգամ վրաերթի էր ենթարկել Սպիտակցի Հայկոն իր ավտոմեքենայով։

«Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), և 244-րդ հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին»,–ասաց Հարությունյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Լևոնի Պետիկյանին։ Այնուհետև կնոջը վրաերթի էր ենթարկել Սպիտակցի Հայկոն` անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. կինը մահացել է այրվող տանը

Նախաքննության ընթացքում պայմանագրային զինծառայող Արայիկ Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու արդյունքում անզգուշությամբ առաջացնելով մարդու մահ)։ Նրա նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: