Ռուսաստանի դպրոցներում կօգտվեն «Շախմատ» առարկայի ուսուցման հայաստանյան փորձից

Նախարարն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, շրջայց կատարել դեսպանությանը կից գործող մշակույթի կենտրոնում և «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ:

Որքան աշխատավարձ են ստանում կրթության ոլորտի աշխատակիցները

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից, ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հետ հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են, որ կրթության ոլորտի համագործակցությունը հայ-ռուսական միջպետական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում: Արայիկ Հարությունյանն ու Օլգա Վասիլևան  անդրադարձել են ՌԴ հարավային շրջաններում հայերենի դասավանդման, Ռուսաստանի դպրոցներում «Շախմատ»  առարկայի հայաստանյան փորձի ներդրման, ՀՀ հանրակրթական դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, ուսուցիչների վերապատրաստման վերաբերյալ հարցերին:

Այցի շրջանակում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև  ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության նոր հնարավորությունները,  մասնավորապես, բարձրագույն կրթության և միջբուհական կապերի ամրապնդմանը,  միջպետական համաձայնագրով ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ուսանողների կրթությանը, Հայ-ռուսական համալսարանի կարգավիճակին վերաբերվող հարցեր:

Նախարարն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, շրջայց կատարել դեսպանությանը կից գործող մշակույթի կենտրոնում և «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցում, ինչպես նաև  հանդիպում է ունեցել Մոսկվայի Լազարյանների անվան թիվ 2042 դպրոցի տնօրեն Գայանե Աբրահամյանի հետ: