«Պաշտոնեական անգործություն է, մեղադրում եմ». Մաթևոսյանի այրին նամակ է գրել Փաշինյանին

Հայ հայտնի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի այրին նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Անցած այս մեկ տարին «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն թանգարանի» անավարտ կառույցի շինարարության 2003-ից ձգձգված ոդիսականի անհեթեթ, անտրամաբանական, ողորմելի վերջերգը դարձավ բացառիկ դիսոնանս Հրանտի անվան, մեր ժամանակի ոգու, քո այն ուղերձով հնչեցրած Հրանտի խոսքերի հետ:

Սա հատված է այսօր Նիկոլ Փաշինյանին ուղղված Հրանտ Մաթևոսյանի այրու նամակից, որտեղ տիկին Մաթևոսյանը ուրախությամբ նշում է, որ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը վարչապետը Մաթևոսյանի «Ծառերի» առաջին պարբերությունից մի հատված կարդաց:

Հրանտ Մաթևոսյանի ժառանգությունը պետք է Հայաստանի այցեքարտը դառնա

««Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն թանգարանի» հայեցակարգից հարցնելու փոխարեն, փողոցում անտեր թողած կառույցը հաշվեկշռի չվերցնելու խաղին է եղել, քաղաքաշինական գաղափարը տեսնելու փոխարեն, շենքի երրորդ հարկի բացակա-ներկան է արել երկրիս կառավարությունն այս մի տարում: «Նիկոլը գիտի՞»` հարցրել են, «Նիկոլին ասե՞լ եք»` հարցրել են միայն պատկան պաշտոնյաներից ամենաանկեղծները: Պաշտոնեական անգործություն: Էսքանը: Մեղադրում եմ»,–գրել է տիկին Մաթևոսյանը և հիշեցրել, որ 2020-ի փետրվարին Հրանտ Մաթևոսյանը կդառնա 85 տարեկան:

«Աշխարհում ու այստեղ Հրանտին ճանաչած երևելիների ամբողջ սերունդ հեռացավ:  Վերջիններն են հեռանում: Ասել է գիտելիք հեռացավ առանց սերունդներին տրվելու:«Բրենդ» չարչրկված եզրը բուն իմաստով ու կշռույթով տես – ահա դա է, այդ մասին է ասածս:

Ու չեմ խոսելու էլ ոչ մի բառ տգեղ, տգետ, ճապաղ, անմիտ այս ամիսների մասին: Չեմ տալու ոչ մի սնանկ անուն: Չափազանց շատ է ասվել, չափազանց շատ խոսք է շռայլվել` փորձելով հաղթահարել բթամտությունն ու չկամությունը: Ամոթ է: Անարդար է»,–գրել է տիկին Մաթևոսյանը:

«Պաշտոնեական անգործություն է, մեղադրում եմ». Մաթևոսյանի այրին նամակ է գրել Փաշինյանին

Նա հիշեցրել է Հրանտ Մաթևոսյանի խոսքերը. «Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու արատի ստույգ հաշվարկով, կարելի է սեփական հասակը բարձրացնել թշնամական հասակի ուրացումով. և այդ է պահանջում հաղթական պայքարի օրենքը, բայց մեծագույն առաքինություն է մնում սեփական չկամությունը ջարդելու բարձր կարողությունը»:

«Կարծեմ թե այսօր ավելի քան քո մասին է: Ու դու դա գիտես: Ու սա այսօր նաև հրամայական է քեզ համար, երկրի համար: Պարզագույն ինքնապահպանության հրամայական:

Առանց նշաձողի, առանց մեկնարկի կետի, առանց Կանոնի տանուլ ենք տալու»,–ասել է Մաթևոսյանի այրին:

Նա ՀՀ վարչապետին առաջարկել է քայլ անել, քայլ անել, խոսել իր հետ:

«Պաշտոնեական անգործություն է, մեղադրում եմ». Մաթևոսյանի այրին նամակ է գրել Փաշինյանին


Անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ.–ի փետրվար 12–ին։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս»-ը, լույս է տեսել 1967 թվականին։ Առավել հայտնի են նրա «Ահնիձոր», «Գոմեշը», «Աշնան արև», «Ծառերը» ստեծագործությունները։

Մաթևոսյանը մահացել է 2002–ի դեկտեմբերի 18–ին, և մինչ օրս հայտնի գրողը չունի իր տուն–թանգարանը։