Տուրիզմի խթա՞ն. «Այս պատմության շնորհիվ մեր օպերայի մասին իմացավ ամբողջ աշխարհը». Օրբելյան

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասին խոսում է ամբողջ աշխարհը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու  պատմության շուրջ սկանդալը թույլ է տվել ամբողջ աշխարհին իմանալ Երևանի օպերային թատրոնի գոյության մասին։

«Ոչ մի վատ բան չի արվել, արվել է միայն լավը». Օրբելյանն ասաց, թե ինչ է սպասում Փաշինյանից

Այդ մասին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1–ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Արտիստները հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու խոստացել էին հակափաստարկներ ներկայացնել ի պաշտպանություն տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի։

«Ինձ հեռացնելու շնորհիվ ամբողջ աշխարհն իմացավ, որ Հայաստանում հիանալի օպերային թատրոն կա։ Բոլորը հարցնում են, թե մենք ինչպես ենք, ով է այստեղ երգում, բոլորը ցանկանում են գալ Հայաստան, տեսնել  թատրոնը։ Այդ առումով ավելի հեշտ կլինի մեզ ինչ–որ մեկին վաճառելը և հյուրախաղեր կազմակերպելը», – ասաց Օրբելյանը։

Օպերայի շուրջ անհեթեթ իրավիճակը՝ որպես շղթայի օղակ, որ ձգվում է 3 տասնամյակ

Նրա խոսքով` Հայաստանի սահմաններից դուրս քչերը գիտեն մեր թատրոնի գոյության մասին։ Օրբելյանն ինքը իմացել է շնորհիվ այն հանգամանքի, որ 1970թ–ին սովորել է Երևանի կոնսերվատորիայում և ապրել Բաղրամյան փողոցում, տատիկի տանը։

Այնպես է ստացվել, որ նրան հրավիրել են Երևանի կոնսերվատորիա, երբ նա դեռ 15 տարեկան դպրոցական է եղել և սովորել է ԱՄՆ–ում։

«Ես գնում էի Օպերա, այցելում համերգասրահներ։ Տատիկս դիմավորում էր ինձ կոնսերվատորիայից հետո, և մենք գնում էինք լյուլյա քյաբաբ ուտելու», – ասաց Օրբելյանը։

Մաեստրոն նշեց, որ շատ է ուզում, որպեսզի աշխարհը տեսնի, թե ինչպիսին է Հայաստանում օպերային թատրոնը, ինչպիսի ձայներ կան երկրում։

Մեկուկես տարվա ընթացքում, երբ Օրբելյանը ղեկավարել է թատրոնը, այստեղ երկու անգամ եկել է Մետրոպոլիտեն օպերայի գեղարվեստական ղեկավար Ջոն Ֆիշերը։ Հայ օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանին հրավիրել են հաջորդ խաղաշրջանն անցկացնել հենց այնտեղ։

Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնն ու Մետրոպոլիտեն օպերան պայմանավորվել են համագործակցել։

Օրբելյանն ապրիլի սկզբին նախատեսում է մեկնել ԱՄՆ և պայմանավորվել 2020թ–ի ամռանը հյուրախաղեր անցկացնելու մասին։