Հանցավորությունն աճում է, բայց քաղաքացիները սկսել են վստահել ոստիկանությանը

ՀՀ ոստիկանապետը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանում հանցագործությունների վիճակագրությունն աճում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. 2018թ.–ի համաներումով ազատված 71 անձ արդեն կատարել է 130 հանցագործություն, նրանցից 14-ը կալանավորվել է, մյուսները ստորագրություն են տվել Հայաստանից չբացակայելու մասին։

Այս տվյալներն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` անդրադառնալով վերջին շրջանում աճող հանցագործությունների մասին լուրերին։

Թաղայինների չգործող ինստիտուտն ու հանցավորության աճի միտումը. որտեղի՞ց է ամենաթողությունը

Օսիպյանը հաստատեց` հանցագործությունների վիճակագրության աճ կա, բայց դա միայն համաներումով պայմանավորելը ճիշտ չէ։

Նրա խոսքով` քաղաքացիները սկսել են ավելի շատ հաղորդումներ տալ հանցագործությունների մասին։

«Եթե նախկինում մարդիկ մտածում էին, որ հանցագործությանը չի տրվի իրավական գնահատական, ապա այսօր ցանկացած բանի համար քաղաքացիները դիմում են ոստիկանություն»,– ասաց նա։

Մինչդեռ, նախկինում դեպքեր են եղել, երբ բնակարանային գողության համար ոստիկանություն դիմած քաղաքացու հաղորդումը նույնիսկ չեն գրանցել. «Այսօր նման բան չկա, այսօր ցանկացած հաղորդում գրանցվում է»:

Ըստ ոստիկանապետի, այդ մասին է վկայում այն, որ 2019 թ. առաջին եռամսյակում գրանցվել է ոչ միայն հանցագործությունների դեպքերի, այլև դրանց բացահայտման քանակի աճ։

Լրագրողների հարցին, թե ինչ է արվում ապրիլի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կատարված գողությունների դեպքերի բացահայտման ուղղությամբ, Օսիպյանը նշեց, որ կատարվում են օպերատիվ միջոցառումներ, բայց քննության շահերից ելնելով մանրամասներ բացահայտել չցանկացավ։

Հիշեցնենք` ապրիլի 2-ին Եռաբլուրում թալանել էին կայանված մեքենաներից երկուսը։ Դրանցից մեկը ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի եղբոր ավտոմեքենան էր, մյուսը` News.am-ի լրագրողինը։ Հանցագործները կոտրել էին ավտոմեքենաների ապակիներն ու գողացել մեքենայի մեջ դրված դրամապանակն ու համակարգիչը։