Երևանում ծեծել են համաներմամբ ազատ արձակված 33-ամյա տղամարդուն. նա մահացել է

Երևանում գտնվող տներից մեկում տղամարդիկ խմել են, վիճել, հետո ծեծել մեկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ ապրիլի 1-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 33-ամյա տղամարդ է մահացել, որը համաներմամբ վերջերս էր ազատ արձակվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկից։

Գյումրիում տղամարդ է կախվել. դիակը գտել է քույրը

Նա հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 30-ին ծանոթներից մեկի Երևանի Չկալովի փողոցում գտնվող տնից։ Այստեղ մի քանի հոգով ալկոհոլ են օգտագործել, վիճել են, որի ժամանակ հոսպիտալացված տղամարդը ծեծվել է, ինչն էլ, նախնական վարկածով՝ հանգեցրել է մահվան։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ)։

Կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկվել երկու տղամարդ, որոնք ձերբակալված են։ Հարուցված քրեական գործը ոստիկանության Կենտրոնական բաժնից փոխանցվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության։