ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Կալանավայրում գտնվող ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է էլեկտրոնային գիրք՝ առանց համացանցի հասանելիության, այլ ոչ թե համակարգիչ: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի տարածած պարզաբանման մեջ:
Նշվում է, որ որոշ ԶԼՄ–ներ, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած և ՀՀ Ազգային ժողով ուղարկած 2018 թվականի հաշվետվությանը, համացանցում տեղեկատվություն են տարածել, թե ՄԻՊ-ի միջամտությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համակարգիչ է տրամադրվել առանց համացանցի հասանելիության։
«Իրականում Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է ոչ թե համակարգիչ, այլ էլեկտրոնային գիրք՝ առանց համացանցի հասանելիության, տեսա և լուսանկարահանման, ձայնագրելու հնարավորության, որի մասին, ի դեպ, նշված է նաև ՄԻՊ-ի տարեկան հաղորդման մեջ։ Մասնավորապես. «…Դիմումի ներկայացման դեպքում անձին կթույլատրվի փոխանցել ոչ թե համակարգիչ, այլ էլեկտրոնային գիրք, այն դեպքում, երբ էլեկտրոնային գիրքը չունենա հասանելիություն համացանցին, տեսա և լուսանկարահանման, ձայնագրելու հնարավորություն և ընթերցվող գրականությունն արդեն իսկ ներբեռնված լինի էլեկտրոնային գրքում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տարընկալումից խուսափելու նպատակով Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշման հավելվածի ձև N 2-ով սահմանվում է իրերի, առարկաների և սննդամթերքի ցանկը, որով արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ունենալ ցանկում նշված առարկաներն իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել ծանրոցներով և փաթեթներով։ Արգելված իրերի ցանկում որպես արգելված իր, ի թիվս այլ առարկաների, ներառված է նաև համակարգիչը։