ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վկայի կարգավիճակով ներկայացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր և պատասխանում է դատարանի հարցերին։
Փաշինյանին հարցաքննում են «Ելք» դաշինքի անդամների և «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև 2017 թվականին տեղի ունեցած միջադեպի գործով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017 թվականի մարտի 31–ին, ժամը 22:40-ի սահմանում Անդրանիկի փողոցի թիվ 53 շենքի բակում, անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության հանդեպ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի ընթացքում նաև զենք է գործադրվել:
«Հայկ Սարգսյանին ճանաչում եմ, մեր նախընտրական շտաբի պետն է եղել 2017թ–ի խորհրդարանական ընտրություններում, նրա հետ ընկերական հարաբերությունների մեջ եմ եղել մինչև միջադեպն ու միջադեպից հետո»,– ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով դատարանի հարցերին։
Փաշինյանը նշեց, որ Արթուր Այվազյանին անձամբ չի ճանաչել, բայց երբ ԱԺ պատգամավոր է եղել, նրանից նամակներ է ստացել։
Ի դեպ, տևական դատական նիստերը հետաձգվում էին` Փաշինյանի չներկայանալու պատճառով։
Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը կամ փոխադրելը):